‘Էլեկտրաէներգիայի թանկացման դեմն առնելու համար պետք է միասնական ճակատ ստեղծել’

1589

Պետք է միասնական ճակատ ստեղծել բոլոր քաղաքական, քաղաքացիական խմբերով, արդյունաբերական հիմնարկներով՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմն առնելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի թանկացման հայտը որեւէ հիմնավորում չունի. դա ընդամենը գողությունը օրինականացնելու մեխանիզմ է, որի հիմնական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: «Իրենք թալանում են, իրենք էլ օրինականացնում են թալանը: Մենք երեկ մեր տնտեսագիտական հանձնաժողովում բոլոր հայտերը ուսումնասիրել ենք և հաշվարկել ենք. պարզվում է` սակագնի բարձրացման մեծ գումարը գնում է «ՀԷՑ»-ին: Այս թանկացումն արվում է միայն մի բանի համար, այն է` փակել «ՀԷՑ»-ում հանցավոր ճանապարհով կուտակված 250 միլիոն պարտքը: Մենք հասկացել ենք, որ իշխանությունները կառուցել են մի ծրագիր, որի իմաստը թալանի պահպանումն է, որովհետև միայն այդ թանկացմամբ հնարավոր կլինի փակել պարտքը»,- ասաց նա: Զուրաբյանը նշեց նաեւ, որ եթե մի քանի հազար մարդ փողոց դուրս գա այն ժամանակ, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի սակագնի բարձրացման հարցը, ապա հնարավոր կլինի իրավիճակը փոխել:

Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն իր հերթին նշեց, որ հնարավոր թանկացման դեմ պետք է ընդվզեն հատկապես արտադրության ոլորտի ներկայացուցիչները, որովհետեւ էլեկտրաէներգիայի այս կտրուկ թանկացումը ստիպելու է նրանց թանկացնել իրենց արտադրանքը, եւ արդյունքում՝ այդ արտադրանքը անմրցունակ է դառնալու: Նրա խոսքով՝ այդ թանկացումը ձեռնտու չէ նաեւ հենց էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների համար: Քանի որ, պատգամավորի խոսքով, էլեկտրաէներգիայի թանկացմանը զուգահեռ՝ նվազում է դրա սպառումը: «Անցյալ տարի 12 տոկոսով հոսանքի սպառումը նվազել է: Հոսանք արտադրողներին ձեռնտու է անընդհատ արտադրել եւ անընդհատ վաճառել էլեկտրաէներգիա: Հետեւաբար՝ էներգետիկները եւս պետք է ասեն, որ թանկացումից տուժելու է համակարգը»,- ասաց Մանուկյանը:

Պատգամավորները տեղեկացրին, որ ստորագրահավաք են նախաձեռնել՝ «էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը քննող ժամանանավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում արտահերթ կարգով ընդգրկելու համար: Պատգամավորները ստորագրահավաքին կարող են մասնակցել այսօր՝ մինչեւ 18:00-ն, եւ երկուշաբթի՝ մինչեւ 12:00-ն:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Նզովյալ պատմությունը. որտե՞ղ են հայի չար բախտի ակունքները’
Հաջորդ հոդվածը‘Հոկեյի Աշխարհի առաջնություն. Ռուսաստանը հաղթել է Շվեդիային(տեսանյութ)’