‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Նզովյալ պատմությունը. որտե՞ղ են հայի չար բախտի ակունքները’

2819

Ընդունված է համարել, որ հայերս չափից ավելի տարված ենք մեր պատմական անցյալով եւ նույնիսկ ապրում ենք դրանով: Ազգային հոգեբանության այդ գիծը նաեւ քննադատության է ենթարկվում՝ միամի՛տ, գավառական լուսավորչականությանը բնորոշ կրքով եւ աշխարհի ճմշարտությունը այլեւս ճանաչած մանուկի ինքնավստհությամբ. «պետք է ապրել ներկայով եւ նայել դեպի ապագա», ինքնամոռաց էնտուիզիազմով հայտարարում է ամենայն հայոց գերազանցիկը:

Իրականում՝ պատմությանը «հարցեր տալը» եւ պատմական օրինակներով ոգեշնչվելն ինքնին վատ գիծ չէ եւ բնորոշ է դեպի ազնվականություն հակում ունեցող, ինչպես նաեւ՝ դասականորեն կիրթ հասարակություններին: Հարցը, սակայն, այն է, թե արդյո՞ք մենք իրապես գիտենք եւ վերապրում ենք մեր անցյալը, թե՞ դրա անվան տակ քողարկված են բովանդակազուրկ կաղապարներ՝ մնացորդներ նախորդ դարերի կուսակցականության, կողմնակալության, քարոզչական պատերազմների կամ էլ պարզապես ընկալման համակարգերի: Համենայն դեպս՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին գերակայող հանրային խոսքը հուշում  է, որ իրականում ոչ միայն թուրքերը, այլեւ, որոշ իմաստով՝ հենց հայերս չենք ուզում կամ էլ ի զորու չենք, ինչպես հիմա մոդայիկ է ասել՝ առերեսվել մեր պատմությանը՝ զարմանալիորեն անկարող լինելով նույնիսկ նվազագույն դաս քաղել թեկուզ միայն ոչ հեռավոր անցյալից: Եվ ո՛ւր էր թե իրոք ապրեինք պատմական անցյալով՝ կենդանի գիտելիքի եւ գործողության կամքի վերածելով նախորդ սերունդների փորձը:

Ներսեսի նզովքը եւ Սահակի տեսիլը

Բայց ի՞նչ է նշանակում՝ իրական պատմության փոխարեն ապրել պատմական լեգենդներով եւ կարծրատիպերով: Ի վերջո, ցանկացած, նույնիսկ՝ կենցաղային իմաստով պատմությունը, բազում անգամ վերապատմվելով, կարող է վերածվել, լավագույն դեպքում՝ լեգենդի, իսկ վատագույն դեպքում, կարծրանալով՝ կորցնել իր կենդանի բովանդակությունը: Դա ինքնին այդքան էլ անսովոր եւ սարսափելի բան չէ: Տվյալ դեպքում, սակայն, խոսում եմ, ոչ թե առանձին կարծրացած պատումների եւ պատկերացումների, այլ ընդհանրացված մի կաղապարի, այսպես ասած՝ գերկարծրատիպի մասին, որը վերաբերում է ոչ թե մասնավոր եւ առանձին դեպքերին, այլ ձեւավորում է պատմական անցյալի ընկալման ամբողջությունը: Կարելի էր դա կոչել մայր կարծրատիպ, այսինքն՝ մի կարծրատիպ, որը շարունակ ստեղծում եւ վերարտադրում է այլ՝ ավելի ստորին մակարդակի կարծրատիպերը: Ինչպե՞ս գտնենք այդ «անհեթեթ հսկայի» արմատները եւ դրանցից բռնելով՝ կարողանանք վնասազերծել՝ ապամոգականացնելով պատմությունը, որպեսզի այն ոչ թե ծանր սեւ ամպի պես կախվի մեր այսօրվա վրա՝ նզովելով ներկան եւ հարցի տակ դնելով ապագան, այլ դառնա այն, ինչ պետք է լինի՝ ոգեշնչման, ստեղծագործության եւ կամքի աղբյուր:

Ասացի՝ նզովքը… Եվ հենց նզովքի մասին պետք է նախ խոսենք: Դեռեւս վաղ միջնադարում սաղմնավորված եւ հետագա դարերի ընթացքում հղկված եւ զարգացած սբ. Ներսես Պարթեւ կաթողիկոսի նզովքի, ինչպես նաեւ դրա հետ առնչվող՝ Ներսեսի որդու՝ սբ. Սահակ Պարթեւ կաթողիկոսի տեսիլքի մասին լեգենդները, որոնց մասին այսօր տեղյակ են հիմնականում միայն մասնագետները, որքան էլ առաջին հայացքից զարմանալի կարող է թվալ՝ տասը կաշի փոխած օձի պես՝ նոր ժամանակներում էլ շարունակում են ենթագիտակցորեն ձեւավորել պատմական մեր ընկալումը, անցյալի նկատմամբ մեր վերաբերմունքը, իսկ քանի որ պատմությունը, մեծ հաշվով, այլ բան չէ, քան անցյալի քաղաքականություն, ապա նույն՝ ենթաշերտային, չգիտակցվող, բայց հզոր ազդեցությամբ սահմանում են նաեւ մեր քաղաքական ընկալումները, վարքը եւ մտածողությունը: Զարմանալիորեն կենսունակ այդ կաղապարները վերարտադրվում են՝ անկախ այս կամ այն խմբի կոնկրետ քաղաքական դիրքորոշումներից, գաղափարախոսությունից եւ աշխարհայացքից:

Պետք է, ուրեմն, մի փոքր բացենք, թե ի՛նչ են այդ երկուսը, եւ ի՛նչ նկատի ունենք, երբ ասում ենք, թե նրանք այսօր էլ ապրում են, միայն թե ձեւափոխված, չգիտակցվող, պատկերավոր ասած՝ ուրվականների կյանքով: Ներսեսի նզովքի մասին լեգենդը սկսում է ձեւավորվել դեռեւս 5-րդ դարում (առկա է արդեն Փավստոս Բուզանդի անունը կրող Հայոց պատմության մեջ), եւ նույնը կարելի է ասել նաեւ Սահակի տեսիլի մասին (որոշ ակնարկներ կան դեռեւս Ղազար Փարպեցու մոտ, որոնց հիման վրա հետագայում նույն Փարպեցու մատյանում մեծ հատված է ներմուծվել): Պատմական առիթը Պապ արքայի եւ Ներսես կաթողիկոսի բախումն էր, որի մանրամասները տվյալ դեպքում այնքան էլ էական չեն, մանավանդ որ աղբյուրների գերկողմնակալության պատճառով այնքան էլ հեշտ չէ վերականգնել դրա քիչ թե շատ վստահելի պատկերը: Ըստ լեգենդի՝ Ներսեսը նզովում է Պապ թագավորին, ապա նաեւ Արշակունի արքաներին ընդհանրապես՝ մերկացնելով նրանց մեղքերը (ներկայացնելով դրանց չափազանցված եւ ճարտասանական ցուցակը), որոնց համար նրանք պետք է պատիժ կրեն Աստծուց՝ Արշակունիների թագավորությունը կործանվելու է, եւ Հայաստանն ընկնելու է օտար՝ անհավատների լծի տակ: Նզովքի հետագա խմբագրումներում, ինչպես եւ Սահակի տեսիլքում, հավելվում է նաեւ, որ պատմության ավարտին մի պահ վերականգնվելու է հայոց Արշակունյաց թագավորությունը եւ կաթողիկոսությունը Լուսավորչի տնից, իսկ ուշ շրջանի մշակմամբ Հայաստանի ազատագրումը տեղի է ունենալու Արեւմուտքից ժամանած՝ հոռոմների կամ ֆռանկների զորքի ձեռամբ:

Բնականաբար՝ տեղը չէ այս լեգենդների մանրամասն պատմագիտական վերլուծության, մանավանդ որ այդ գործը ժամանակին արվել է շատ ավելի հմուտ մասնագետների կողմից: Դրանով հետաքրքրվողներին կարող ենք խորհուրդ տալ դիմել հատկապես Աշոտ Հովհաննիսյանի հետազոտություններին: Բնական է նաեւ, որ երկու լեգենդները ներկայացրինք շատ ընդհանուր, սխեմատիկ տեսքով, այլ ոչ թե գիտական ճշգրտությամբ: Ըստ Աշոտ Հովհաննիսյանի վերլուծության՝ ուշ միջնադարում այս հիմքի վրա ձեւավորվում է, այսպես կոչված՝ «ազատագրական լեգենդը», համաձայն որի՝ Հայաստանը պետք է ազատագրվի քրիստոնյա մեծ տերությունների միջամտությամբ: Սա, ըստ էության, վերածվում է քաղաքական ծրագրի, որի առավել հայտնի ներկայացուցիչներն են Իսրայել Օրին եւ Հովսեփ Էմինը, բայց որն ունեցել է իր լայն հանրությանը պակաս հայտնի կրողներ նաեւ այդ երկուսից զատ (ի դեպ, պետք է հաշվի առնել, որ Իսրայել Օրու կերպարը չափազանց աղավաղվել է ուշ շրջանի սովետահայ պատմագիտության կողմից՝ քաղաքական նպատակներով, ըստ էության՝ վերածվելով ծաղրանկարի, եւ Օրու իրական գործունեությանը ծանոթանալու համար հարկ է դիմել ավելի վաղ շրջանի հետազոտություններին՝ առավել մատչելի եւ միժամանակ մանրամասնորեն դա ներկայացված է, օրինակ, Լեոյի Հայոց պատմության համապատասխան հատորում): Դժվար չէ տեսնել, որ ավելի ուշ շրջանում էլ, օրինակ՝ 19-20-րդ դդ. ազատագրական շարժման ժամանակ ազատագրական լեգենդի այս կաղապարը խորն ազդեցությունն է թողել հայկական քաղաքական մտածողության եւ գործողության վրա: Բավական է հիշել թեկուզ ապստամբությունների ու ջարդերի միջոցով մեծ տերությունների միջամտությունը ապահովելու պայքարի մարտավարությունը 1890-1900-ական թթ.: Բայց սա հին լեգենդի առավել ակնհայտ ազդեցությունն է նոր պատմության վրա: Մեր խոսքն ավելի խորքային եւ ավելի նուրբ ազդեցության մասին է:

Ներքին արատ եւ արտաքին փրկություն

Նախ՝ ամփոփենք երկու իրար հետ սերտորեն առնչվող հին լեգենդների բովանդակությունը: Հայոց արքաները նզովվում են հայոց սրբի՝ Լուսավորչի տոհմի ամենանշանավոր կաթողիկոսի կողմից, իսկ նույն այդ սրբի որդուն տեսիլքով բացահայտվում է Հայաստանի ազատագրումը արտաքին՝ հավատակից ուժերի կողմից: Նշանակում է՝ հայոց պետությունը (պետությունը հնում եւ միջադարում նույնանում է արքայի անձի եւ տոհմի հետ) ընկնում է ներքին փչացածության, մեղսագործության պատճառով, այսինքն՝ այն ունի անսրբագործելի ներքին արատ, իսկ նրա վերականգնումը հնարավոր է միայն դրսի ուժի միջոցով: Եթե այս կարճ ամփոփումն էլ կրճատենք՝ վերածելով սխեմայի, ապա կստանանք՝ ներքին անբուժելի արատ – եւ արտաքինից եկող ազատագրում ուղերձը: Այսպիսով՝ հայոց պատմական եւ քաղաքական ընկալումը ձեռք է բերում էքսցենտրիկ, կենտրոնն ու հենակետը դրսում փնտրող դիրք:

Պետք է նկատենք, որ պետությանը վերագրված ներքին արատը նշանակում է նաեւ պատմությանը վերագրած արատավորություն, քանի որ պատմության միջուկը հենց պետության, քաղաքականության, միջնադարյան ընկալմամբ ձեւակերպված՝ արքաների գործերի պատմությունն է: Եվ իրոք, արդեն Փավստոսի մոտ Արշակունիների պատմությունը ներկայացվում է որպես արքաների հանցանքների, մեղքերի, սխալների շարան, իսկ Խորենացին, է՛լ ավելի խտացնելով առանց այդ էլ ծայրահեղության հասցված գույները՝ գրեթե ծաղրանկարի է վերածում Տրդատ Մեծին հաջորդած Արշակունիների պատմությունը՝ այս ամենն ավարտելով իր հանրահայտ ողբով, որը կարելի է համարել նույն՝ Ներսեսի նզովքի լեգենդի յուրահատուկ ռեպլիկ:

Թերեւս, ընթերցողն արդեն կռահում է, թե հին լեգենդի ո՛ր մասերն են այսօր շարունակում իրենց ծաղկուն կյանքը՝ թեկուզ ձեւափոխված եւ արդի լեզվով ձեւակերպած տեսքով: Իհարկե, այսօր շատ քչերն են հավատում նզովքներին եւ դրանց ազդեցությանը պատմական կամ քաղաքական անցքերի վրա, ինչպես եւ առհասարակ քչերն են լսե՛լ իսկ Ներսեսի նզովքի կամ Սահակի տեսիլի մասին: Բայց հին առասպելների ուժն ու կենսունակության գաղտնիքը հենց այն է, որ դրանց կոնկրետ բովանդակությունն այնքա՛ն էական չէ, որքա՛ն դրանց կառուցվածքը, որը կարող է անփոփոխ մնալ՝ ընդունելով ցանկացած արդիականացված բովանդակություն: Օրինակ, կարելի է չհավատալ Վիշապների դեմ Վահագնի կամ այլ Շանթակիր աստվածության պայքարի ու հաղթանակի մասին առասպելներին, բայց, միաժամանակ, ենթագիտակցորեն ընկալել ցանկացած քաղաքական պայքար այդ եւ նման առասպելների տրված սխեմայի միջոցով՝ որպես բացարձակ Բարու եւ բացարձակ Չարի բախում, կամ էլ սպասելով «իդեալական տղուն», երկնային շանթակիր փրկչին, որը պետք է լուծի առկա բոլոր քաղաքական խնդիրները՝ վերացնելով «վիշապներին»: Առասպելական ընկալումները գործում են ենթագիտակցորեն, հետեւաբար՝ «աշխատում են» ոչ թե բովանդակության, այլ կառուցվածքների հետ:

Արկածային ճամփորդության պատրաստություն

Ուրեմն, ո՞րն է Ներսեսի նզովքի եւ Սահակի տեսիլի այսօրվա տեքստը եւ տեսքը: «Դարերով պետությունից զուրկ ազգ», «անընդհատ օտար լծի տակ ապրող ժողովուրդ», «միայն բարոյական հաղթանակներ ունեցող», «միշտ սխալ գործող քաղաքական վերնախավ», միով բանիվ՝ ձախողված, ներքին անբուժելի արատ ունեցող՝ նզովյալ պատմություն, ահա մեջբերումների միայն մի մասը Ներսեսի նզովքի այսօրվա տեքստից: Հիմքում, ենթաշերտում նույն հին լեգենդն է, բայց մակերեսում, բովանդակության մակարդակում այն ձեւակերպվել է արդիական լեզվով: Այսպիսով՝ հին լեգենդը կեղծ ռացիոնալիզացիայի է ենթարկվել, բայց դրանից չի փոխվել նրա էությունը: Ինչ վերաբերում է Սահակի տեսիլին՝ նզովքի անմիջական շարունակությանը, ապա, այն է՛լ ավելի հեշտ է գտնել արդի խոսքում: Դա կողմնորոշումային քաղաքական գաղափարախոսությունն է, համաձայն որի՝ Հայաստանի փրկությունը այս կամ այն արտաքին արեւելումն է: Ավելի ստույգ ասած՝ ոչ թե այս կամ այն, այլ կոնկրետ՝ արեւմտյան կողմնորոշումը (որովհետեւ այլ, ասենք, արեւելյան կողմնորոշման կողմնակիցներ չունենք), միայն թե այսօր այդ՝ պատմականորեն միասնական կողմնորոշումը բաժանվել է երկու մասի, եւ «տեսլականների» բանակը պառակտվել է «արեւմտամետների» եւ «ռուսամետների», ընդ որում՝ այս զուտ ներընտանեական վեճը ներկայացնելով որպես համաշխարհային նշանակության խնդիր: Որքան էլ իրարից բաժանված, սակայն, «կողմնորոշումային ընտանիքի» անդամները շարունակում են միասնական լինել մեկ բանում՝ իրենց կաղապարը փորձելով պարտադրել որպես միակ հնարավոր երկընտրանք, որից դուրս կա միայն գեհենի անշեջ կրակն ու նրանում վառվող հերձվածողները՝ հայաստանակենտրոն նզովյալները, մեղսագործ Արշակունիները….

Երկուսը՝ Նզովքն ու Տեսիլը, ուրեմն, թե՛ իրենց ավանդական, թե՛ արդիականացված տեսքով նույն միասնական տեքստի երկու տարբեր գլուխներն են: Մեկը մեկնաբանում է անցյալն ու պատմությունը, մյուսը թելադրում է ներկայի քաղաքականությունը եւ սահմանում ապագան: Երկուսը միասնական են, որովհետեւ երկրորդի հիմնական ուղերձը բխում է առաջինից՝ արատավոր, ուրեմն՝ ոչ օրինակարգ ներաշխարհը ստիպում է ազատությունն ու օրինակարգությունը փնտրել դրսում:

Հայկական վերնախավերը շարունակում են վերարտադրել նույն սխեմաները՝ Ներսեսի նզովքը, Սահակի տեսիլը եւ դրանցով հիմնավորվող վերջին Արշակունի՝ Արտաշեսի դավաճանությունը (դրա մասին առանձին կխոսենք հետագայում): Հետեւանար, բացահայտելով ակունքները՝ հաջոր քայլերով պետք է կազմալուծենք հետեւանքները՝ սկսելով հիմքից՝ Ներսեսի նզովքից, այսինքն՝ հայոց պատմության անիծված, ձախողված լինելու մասին պատկերացումից: Առաջին հայացքից թվում է, թե այդ սխեմայի առանձին տարրերը՝ դարերով պետություն չունենալը, օտար լծերի տակ ապրելը եւ այլն, համապատասխանում է իրականությանը: Իհարկե, դրանք որոշ առարկայական հիմք ունեն: Բայց որոշ հիմք ունենալն ու իրականությանը համապատասխանելը տարբեր բաներ են:

Արդյո՞ք ձախողված է հայոց պատմությունը: Այս հարցի պատասխանն իմանալու համար կձեռնարկենք մի քանի արկածային ճամփորդություն՝ մե՛րթ դարերի խորքը թափանցելով, մե՛րթ էլ դառնալով դեպի համեմատաբար մոտ ժամանակները:

(շարունակելի)

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի բանագնաց. Իրաքի քրդերին կարելի է զինել միայն Բաղդադի թույլտվությամբ’
Հաջորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիայի թանկացման դեմն առնելու համար պետք է միասնական ճակատ ստեղծել’