‘Էկոնոմիկայի նախարարը համաձայնեց Լ. Զուրաբյանի հետ. Բյուջեի զգալի մասը մսխվում է’

1479

Ազգային ժողովում 2014թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին հիշեցրեց Վերահսկիչ պալատի սկանդալային զեկույցն այն մասին, թե ինչպես են օգտագործվում պետական բյուջեի գումարները, ինչպես էին դրանք մսխվում.

«Մենք խոստացանք, որ ավելի լուրջ պատկեր ձեզ պետք է ցույց տայինք, որ ամենամեծ թալանը գնում է մինչեւ բյուջե հասնելը: Վերջերս հրապարակվեցին մի շարք լուրջ կազմակերպությունների հետազոտություններ, ներառյալ Համաշխարհային բանկի, ԱՄՀ, «Ֆորին Պոլիսի ֆորում Արմենիայի», KPMG-ի, որոնցից հետեւում է, որ էկոնոմիկայի նախարարությունը կարծես այնան էլ լավ չի աշխատել եկամուտների մասով», — նշեց Լեւոն Զուրանբյանը:

Պարզաբանելով նա հավելեց, որ Հայաստանում, որտեղ տնտեսությւոնը կենտրոնացել է մի քանի ընտանիքների ձեռքում եւ այդ ընտանիների ներկայացուցիչներն օգտվում են բազմաթիվ ապօրինի արտոնություններից,  հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է լիներ 21 տոկոս: «Այդ օլիգարխխներն  ուղղակի չեն կատարում իրենց հարկային պարտավորությունները, եւ գործում է մի ստվերային բյուջե, ստվերային տնտեսություն, որը չի հաշվարկվում: Փաստացիորեն, 2009-ից մինրեւ 2011 թիվը արձանագրված է մոտ 16,7 տոկոս հարաբերակցություն, ինչը նշանակում է, որ բյուջեի եկամուտների մեծ մասը ստվերային է, չի արձանագրվում, չի մտնում բյուջե եւ թալանվում է: Այսինքն, իրականում մեր բյուջեն պետք է լիներ 3,6 միլիարդ դոլար, ըստ միջազգային փորձագետների գնահատականների», — նշեց պատգամավորը եւ հարց ուղղեց նախարարին, արդյո՞ք էկոնոմիկայի նախարարությունն այս հաշվարկներն արե՞լ է, եւ ինչպես է վերաբերում միջազգային կազմակերպությունների տված  գնահատականներին:

Վահրամ Ավանեսյանն ի պատասխան նշեց, որ ծանոթ է ՀԲ ուսումնասիրությունների արդյունքներին, այնուհետեւ նշեց, որ հարկեր/ՀՆԱ 21 տոկոս հարաբերակցությունը բավական խելամիտ է համարում:

«Սոցիալական հարկերի հետ միասին եթե հաշվում ենք, կարելի է, ասել, որ ողջամիտ հարաբերակցությունն անգամ 24 տոկոս է: Դա նշանակում է, որ մենք իսկապես պիտի ձգտենք` նման ցուցանիշ ապահովելու: Էականն այն է, որ, այո, մենք եկամուտների տեսանկյունից խնդիրներ ունենք, եւ էկոնոմիկայի նախարարությունը զբաղվում է դրանով», — նշեց նախարարը: Նա տեղեկացրեց, որ նախարարությունն այժմ «փորձում է զբաղվել եկամտային մասով, հիմնականում`ուշադրություն դարձնելով ենթաճյուղային մակարդակով միկրովերլուծություններին: Ավանեսյանի խոսքով, դա բավական բարդ բան է, քանի որ դեռ մինչեւ վերջերս նույնիսկ մեծ ճյուղերի վերաբերյալ տվյալներ չեն եղել: Ըստ նրա, միանգամից այդ ցուցանիշնորին հասնելը բարդ խնդիր է, եւ ունի իր բացասական կողմերը: Որովհետեւ  վտանգ կա, որ այդ դեպքում բարեխիղճ հարկատուներն ավելի շատ կտուժեն, քան անբարեխիղճները:

«Մակրո մակարդակի վրա, ես համաձայն եմ ձեր գնահատականի վրա, 24 տոկոսն այն թիվն է, որ մենք պետք է ապահովենք», -ամփոփեց նախարարը:

Լեւոն Զուրաբյանը մեջբերեց նաեւ միջազգային փորձագետի ուսումնասիրության արդյունքը, համաձայն որի, Հայաստանի տնտեսության ստվերային հատվածը կրկնակի ավելի է ոչ ստվերայինից: Նա հայտարարեց, որ ԱԺ լիագումար նիստի ընթացքում դեռ կտա իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կփորձի ստանալ նախարարից: 

Տեսանյութը` «Ա1+»-ի

Նախորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. Օզիլը և Ռեմսին հաստատում են «Արսենալի» հավակնությունները. «Ռոման» դադարում է հաղթել’
Հաջորդ հոդվածը‘Տնտեսական աճի հիմնական խոչընդոտը շինարարության ոլորտն է, կարծում է վարչապետը’