‘Էմոմալի Ռախմոնը ցմահ նախագահելու իրավունք է ստացել’

1737

Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը միաձայն հավանության է արժանացրել փոփոխությունները երկրի գործող սահմանադրության մեջ, որոնցով Էմոմալի Ռախմոնը ցմահ նախագահելու իրավունք է ստանում:

Պատգամավորները նոր օրենսդրության տեքստն ուղարկել են երկրի սահմանադրական դատարան, որից հետո կորոշվի նաև երկրի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվեի օրը:

Սահմանադրության 66 հոդվածը՝ «Տաջիկստանի Հանրապետության նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել 30 տարեկանից բարձր անձը, որ տիրապետում է պետական լեզվին և առնվազն վերջին 10 տարիներին ապրում է երկրի տարածքում», առաջարկվում է լրացնել հետևյալ կերպ. «Այս հոդվածով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում «Խաղաղության և ազգի միասնության հիմնադրի՝ ազգի հոր վրա»: Այս իրավական կարգավիճակը Էմոմալի Ռախմոնին պատգամավորները շնորհել են անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին:

Փոփոխված սահմանադրությունում նաև արգելվում է քաղաքական կուսակցությունների և կրոնական ու ազգայնական բնույթի միավորումների ստեղծումը, լուծարվում է Արդարադատության խորհուրդը, արգելվում է օտարերկրյա կուսակցությունների գործունեությունը:

Էմոմալի Ռախմոնը երկիրը ղեկավարում է 1992 թվականից: Նրա 28-ամյա որդին գեներալի պաշտոն ունի՝ նա ղեկավարում է ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի պետական գործակալությունը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Գրախոսական. Երվանդ Կյուրեղյան, «Իմ հուշերի ճանապարհով» (Երևան, 2009)’
Հաջորդ հոդվածը‘Մինսկի խումբը ԵԽԽՎ-ին կոչ է արել չբարդացնել բանակցային գործընթացը’