‘Մինսկի խումբը ԵԽԽՎ-ին կոչ է արել չբարդացնել բանակցային գործընթացը’

1206

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը ստորև (մեջբերումը ըստ news.am-ի):

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) ողջունել են ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների միջոցով կարգավորում գտնելու ջանքերը եւ պատրաստ են համագործակցային սկզբունքով աշխատել խաղաղ կարգավորմանը հավատարիմ կողմերի հետ։

Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կարող է մոտ ապագայում հակամարտության վերաբերյալ բանաձեւեր քննարկել եւ հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին եւ տարածաշրջանային ու միջազգային այլ կազմակերպությունների, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների համար միակ ընդունված ձեւաչափը:

Մենք բարձր ենք գնահատում ԵԽԽՎ անդամների շահագրգռվածությունը, բայց կոչ ենք անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են  խաթարել ԵԱՀԿ-ում Մինսկի խմբի մանդատը կամ բարդացնել ընթացող բանակցությունները»:

Հիշեցնենք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում սպասվում է, որ քվեարկության կդրվեն «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», ինչպես նաև «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցները, որոնցում հայկական կողմի համար անընդունելի մի շարք կետերի թվում, մասնավորապես, կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»։

Նախորդ հոդվածը‘Էմոմալի Ռախմոնը ցմահ նախագահելու իրավունք է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Արաս Օզբիլիս. « Ես ֆուտբոլիստ եմ, քաղաքական գործիչ չեմ: Ֆուտբոլում ոչ մի խնդիր չկա»’