‘Էրդողանին հրավիրել եմ, բայց կասկածում եմ, որ նա կգա — Սերժ Սարգսյանի հարցազրույցը Corriere della sera թերթին’

1422

Վատիկան այցելության կապակցությամբ Հռոմում գտնվող Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Corriere della sera թերթին:

Ըստ Panorama.am-ի կատարած թարգմանության, նա, մասնավորապես, ասել է, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվածության դեպքում Հայաստանն ընտրում է անկողմնակալությունը:

«Մենք մեր արտաքին քաղաքականությունը կողմնորոշում ենք դեպի կոնկրետ հարցերի լուծում», — ասել է Սարգսյանը եւ որպես օրինակ, հիշեցրել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Ղրիմի վերաբերյալ բանաձեւի քվեարկությունը:

«Հայաստանը դեմ քվեարկեց, ոչ թե այն բանի համար, որ Ռուսաստանն էլ էր նույնն արել, ինչպես գուցե ենթադրում եք: Դուք գիտեք, որ Հայաստանը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի գործընթացում` մեծամասամբ հայերով բնակեցված մի տարածք, որն անկախություն է հռչակել Ադրբեջանից: Մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է: Եվ մենք մերժում ենք այն մոտեցումը, որ համընդհանուր ընդունված սկզբունքի գործադրման համար պետք է թույլտվություն հայցել»:  

Սերժ Սարգսյանի խոսքով, գոյություն ունեն արժեքներ, որոնք խմբագրման ենթակա չեն: «Հիշում եմ, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ Եվրոպան անվերապահորեն աջակցեց ինքնորոշման իրավունքին: Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան անկախացան այդ նույն գործընթացի ժամանակ: Կնշանակի, որ մենք աջակցում ենք այս իրավունքի իրականացմանը միայն մե՞ծ տարածքային միավորների դեպքում, ինչպիսին էր ԽՍՀՄ-ը, և ավելի փոքր տարածքների դեպքում՝ ո՞չ: Գանք ավելի մոտ՝ Կոսովոյի անկախությունը. ոչ մի տարբերություն Լեռնային Ղարաբաղի հետ: Վերջին 40 տարիների ընթացքում ՄԱԿ-ի անդամների թիվը գրեթե կրկնապատկվել է: Դա օբյեկտիվ գործընթաց է և զերծ բռնություններից: Հայկական խնդրի դեպքում մենք մերժում ենք բռնությունն ու  խտրականությունը, որ ցուցաբերվում է հազարամյակներ շարունակ իր տարածքում ապրող ժողովրդի դեմ: Եվ պետք է գործադրել բոլոր ջանքերը՝ բռնությունը կանխելու համար: Ի վերջո, ի՞նչ են խնդրում մարդիկ, եթե ոչ՝ ապրել ու բարգավաճել մի տարածքում, որտեղ ապրում են հազարավոր տարիներ: Եթե դա հնարավոր լիներ, ապա անջատվելու պահանջի անհրաժեշտություն չէր լինի», — ասել է նա: 

Անդրադառնալով ԼՂ կարգավորման գործընթացին, Սարգսյանը նշել է, որ սահմանում վերջին իրադարձությունների լույսի ներքո խնդրի լուծումը դեռ հեռու է թվում:

Նան նաեւ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների եւ Ցեղասպանության ճանաչման խնդրի մասին:

Սերժ Սարգսյանն ասել է, որ «լավատես է այն հարցում, որ թուրքական կառավարությունը մի օր կառերեսվի իր պատմության հետ և կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Որովհետև տարեցտարի Թուրքիայի քաղաքացիական հասարակությունում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր տեղյակ են այդ հանցագործության մասին և տեղյակ են, որ տեղի ունեցածում հայերն իրենց չեն մեղադրում: Ցեղասպանության համար մենք մեղադրում ենք նրանց, ովքեր Թուրքիայում կառավարում էին 1915 թվականին, ինչի համար պատասխանատվությունը ճանաչվել է թուրքական դատարանի կողմից: Համենայնդեպս, 100-ամյակի հիշատակման արարողությանը մասնակցելու համար ես նախագահ Էրդողանին հրավիրել եմ, բայց կասկածում եմ, որ նա կգա:

Մանրամասները՝ Panorama.am կայքում

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում տեղի է ունեցել «Խաղաղության երթ»’
Հաջորդ հոդվածը‘«Յաբախտի» քաղաքականության ռահվիրան, կամ՝ что ни слово, то Цицерон с языка слетел’