‘Էքրեմ Իմամօղլու. «Պետք է կարողանալ ընդունել պարտությունը»’

2381

Քառորդ դարում առաջին անգամ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարության և զարգացման կուսակցությունը» ընդդիմությանն է զիջել Թուրքիայի երկու խոշոր քաղաքները՝ Անկարան և Ստամբուլը:

Մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունում Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել «Հանրապետական ժողովրդական կուսակցության» թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Իշխող կուսակցությունը վիճարկում է նրա հաղթանակը:

«Մեր ընդդիմախոսները ոչ մի ապացույց չունեն ընտրություններում խախտումների վերաբերյալ, որոնք կարող էին հանգեցնել արդյունքների վերանայմանը: Այդ բոլոր հայտարարությունները ընդամենը սեփական պարտությունն ավելի նպաստավոր լույսի տակ ներկայացնելն է: Հնարավոր է՝ ձայների հաշվարկի ժամանակ ինչ-ինչ սխալներ եղել են, սակայն ընտրությունների արդյունքները դրանից չեն փոխվելու»,- հայտարարել է Իմամօղլուն:

Նրա խոսքով՝ ձայների վերահաշվարկը կարող է որոշակի կասկածի տեղիք տալ, և դրանից տուժում է թուրքական ժողովրդավարությունը. նրան աննպաստ լույսի ներքո են ներկայացնում:

«Պետք է կարողանալ ընդունել պարտությունը, այլ ոչ թե միայն ուրախանալ հաղթանակով: Նրանք դրան ընդունակ չեն: Եվ դրա համար էլ ես խղճում եմ Թուրքիային և Ստամբուլին: Նրանք Ստամբուլը ղեկավարել են 25 տարի: Այդ քաղաքի ղեկավարի պաշտոնը չափազանց կարևոր է: Բայց դա չի կարող հավերժ շարունակվել: Ինչ-որ պահի միշտ էլ կարող է հայտնվել ավելի հաջողակ մեկը, և քաղաքի իշխանությունը նրան անցնի: Դա իրերի միանգամայն բնական ընթացք է»,- նշել է նորընտիր քաղաքապետը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Մրգաշատի համայնքապետը սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումներ է արել. մեղադրանք’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Էս երկրից» գնացողների խզված ձայնալարերը «բուժվել են»’