‘«Ընդդեմ դահիճների» երթն սկսվեց ձերբակալություններով’

931

Այսօր Մոսկվայի կենտրոնում «Ընդդեմ դահիճների» երթի մեկնարկին ոստիկանությունը ձերբակալել է «Ձախ ճակատի» մի քանի ակտիվիստների: Ինչպես հաղորդել է «ОВД-Инфо»-ն, ոստիկանները ձերբակալում են շարժման դրոշները ձեռներին պահած բոլոր ակտիվիստներին: Ըստ երևույթին՝ դա կապված է այն բանի հետ, որ  շարժման գործունեությունը դադարեցվել է դատախազության կողմից:

Ակցիայի մասնակիցները ցուցապաստառներ են պարզել՝ «Յա՛ն տվեք Նավալնիից», «Մոսկվացիները Սոբյանինին ասում են՝ ո՛չ» և այլն: Բացի այդ՝ շատերը ձեռքներին պահել են «Բոլոտնայայի գործի» դերակատարների լուսանկարները: Ընդդիմադիր Իլյա Յաշինը թվիթերում գրել է, թե ոստիկանությունն արգելել է միջոցառմանը բերել «այն դատավորների և քննիչների լուսանկարները, ովքեր կեղծում են «Բոլոտնայայի գործը»»: Ավելի վաղ դատախազությունն արգելել էր ընդդիմադիր երթի մասնակիցներին՝ «պաշտոնատար անձանց պատկերել բանտախցերում»:

Միջոցառման գլխավոր կարգախոսն է՝ «Հանուն մեր և ձեր ազատության»: Երթի մասնակիցները պահանջում են ազատ արձակել «Բոլոտնայայի գործով» բոլոր ձերբակալվածներին և դադարեցնել այդ գործով մեղադրվողների հետապնդումը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մոլորակի ամենատարեց բնակիչ է ճանաչվել ճապոնուհի Միսաո Օկավան’
Հաջորդ հոդվածը‘Լ.Զուրաբյանը՝ վարչապետին. Ձեր պատասխանը ցույց է տալիս, որ դուք ադեկվատ չեք’