‘Լ.Զուրաբյանը՝ վարչապետին. Ձեր պատասխանը ցույց է տալիս, որ դուք ադեկվատ չեք’

1650

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ արտագաղթի մասին հարցին ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտրաարել էր, թե դրանում իր մեղքի բաժինն ունի նաեւ ընդդիմությունը, որը չի կարողացել ձեւավորել լուրջ այլընտրանք: Այս կապակցությամբ iLur.am-ը մեկնաբանություն խնդրեց Լեւոն Զուրաբյանից:

-Վարչապետ Տիգրան Սարգսյանն արտագաղթի մասին ձեր հարցին ի պատասխան հայտարարեց, որ դրանում պատասխանատվության իր մասն ունի նաեւ ընդդիմությունը: Նաեւ հավելել էր, թե չի կարելի ձեռքերը լվանալ, դուք էլ ունեք ձեր պատասխանատվության բաժինը, որովհետեւ քաղաքացիներն այլընտրանք չեն տեսնում, չկա լուրջ ընդդիմադիր ուժ, որի հետ ժողովուրդը կկապի հույսեր:

-Ես դահլիճում այլեւս հնարավորություն չունեի պատասխանելու, ուստի պատասխանում եմ նրան մամուլով:

Ձեր այս պատասխանը, պարոն վարչապետ, ցույց է տալիս, որ դուք ադեկվատ չեք: Փաստորեն, Հայաստանի իշխանավորները չգիտեն մի պարզ ճշմարտություն, որ երկրի զարգացման համար, այդ թվում նաեւ քաղաքական ինստիտուտների ձեւավորման համար ամբողջական պատասխանատվություն կրում են միմիայն իշխանությունները: Ինչ են արել այս իշխանություններն ընդդիմության ինստիտուտի ուժեղացման համար: Նրանք կրակել են ընդդիմության վրա մարտի 1-ին՝ գնդակահարելով 10 եւ վիրավորելով հարյուրավոր մարդկանց, ձերբակալելով 5000 մարդու եւ ծեծի ենթարկելով ոստիկանության բաժանմունքներում, 150 ընդդիմադիր գործչի տարիներով պահել են բանտերում: Իսկ հազարավոր մարդկանց՝ Հայ Ազգային Կոնգրեսի ընտրազանգվածից, ենթարկել սիստեմատիկ հալածանքների՝ հեռացնելով նրանց աշխատանքից, ճնշելով հարկային եւ մաքսային լծակներով, օգտագործելով հալածանքների այլ միջոցներ: Պետք է ընդունեմ, որ 5 տարվա կատարված այս աշխատանքի շնորհիվ իշխանություններին հաջողվել է ՀԱԿ ընտրազանգվածի զգալի մասը դուրս հանել Հայաստանից: Դրա մասին բացահայտ խոսել է նաեւ ինքը՝վարչապետը, ասելով. «թողնենք երկրում մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»: Այդուամենայնիվ, ընդունում եմ մեր պատասխանատվությունը այդ հարցում, որ իրենց նման կառավարիչներին չենք կարողացել դեռ շպրտել իշխանությունից:

Նախորդ հոդվածը‘«Ընդդեմ դահիճների» երթն սկսվեց ձերբակալություններով’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում երեխաների զանգվածային թունավորման դեպք է տեղի ունեցել’