‘Ընդդեմ թանկացումների բողոքողները սպառնում են քաղաքացիական անհնազանդության ակցիաներով (տեսանյութ)’

1826

Այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրին ընդդեմ թանկացումների եւ դրամի արժեզրկման: Նրանք նշում էին, որ իշխանությունները բավարար միջոցներ չեն ձեռնարկում՝ վերջին շրջանում դրամի փոխարժեքի կտրուկ  անկումը եւ գնաճը զսպելու ուղղությամբ:

Ցուցարարները նշեցին, որ Հայաստանի տնտեսական խնդիրների հիմնական մեղավորը գործող իշխանություններն են, որոնք մի քանի մենաշնորհատերերի շահերը ավելի բարձր են դասում ժողովրդի շահերից: iLur.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը ծիծաղելի համարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի «ցուցադրական փորձերը»՝ իբր գնաճը զսպելու ուղղությամբ: «Սա ցույց է տալիս, որ մենք ունենք անլուրջ, ինքնահռչակ իշխանիկներ: Սա լուրջ կառավարություն չի, որ գնա, ինչ-որ խանութում ձվի գին փոխի: Սա ո՞ր դարն է », — ասաց նա:

Ակցիայի նախաձեռնող խումբը  հրապարակեց պահանջները՝ ձեռնարկել հրատապ միջոցառումներ՝ մինչև դեկտեմբերի 23-ը առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչճգնաժամային մակարդակի բերելու համար։ Այս պահանջի չիրականացման դեպքում ցուցարարները կոչ են անելու բոյկոտել օլիգարխներին պատկանող սուպերմարկետները։
Պահանջ հնչեց նաեւ իջեցնել գազալցակայաններում գազի գինը։ Եթե մինչև դեկտեմբերի 23-ը այս պահանջը չկատարվի, նրանք խոստանում են համագործակցել երթուղային և տաքսու վարորդների հետ՝ կազմակերպելով գործադուլներ։ 
գ. Իդեքսավորել/վերահաշվարկել քաղաքացիների դոլարային վարկերը, որպես առաջնային միջոցառում՝ իրականացնել շուկայի ազատականացում՝ վերացնելով բոլոր տեսակի մենաշնորհները, արգելել ՀՀ-ից դեպի ՌԴ դոլարի և ՌԴ-ից դեպի ՀՀ ռուբլու սպեկուլյատիվ ելքերը ու մուտքերը եւ դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը։ 

Ցուցարարներն անդրադարձան նաեւ վերջին շրջանում իշխանությունների խրախուսմամբ տեղի ունեցող բռնության դեպքերին:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նախորդ հոդվածը‘Երկրորդ օրն է՝ ԿԲ-ից դոլար չեն գնում’
Հաջորդ հոդվածը‘Արցախի վարչապետի մոտ քննարկվել են ապրանքների գների կայունացման հարցեր’