‘Ընտրությունների արդյունքները ԼՂՀ-ում չեն ազդի Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա. Մինսկի խումբ’

1432

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոյը (Ֆրանսիա), ովքեր ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ միասին, ապրիլի 29-ին Փարիզում հանդիպել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․ «Մենք յուրաքանչյուր նախարարի հետ հանդիպման ժամանակ շեշտեցինք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկխոսությունն ակտիվացնելու կարևորությունը, և շարունակեցինք նախապատրաստական աշխատանքներ տանել այս տարի՝ ավելի ուշ, նախագահների հանդիպում անցկացնելու ուղղությամբ»:

«Ազատության» փոխանցմամբ, հաղորդագրությունում նշվում է, որ նախարարները համաձայնել են համանախագահների միջնորդությամբ հանդիպել միմյանց նախագահների հանդիպման օրակարգը ձևավորելու նպատակով և ողջունել են համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցը:

Համանախագահները նաև արձանագրում են, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում «խորհրդարանական ընտրություններ» են անցկացվելու ու հավելում«Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագա ճակատագիրը որոշելու հարցում: Այդուհանդերձ, ոչ մեր երեք երկրները, ոչ էլ որևէ այլ երկիր, չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և սուվերեն պետություն: Համապատասխանաբար, մենք չենք ընդունում այս «ընտրությունների» արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն, և շեշտում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը միտված շարունակական խաղաղ բանակցությունների արդյունքները»:

Իր հերթին Եվրամիությունը այսօր հայտարարել է, որ «չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը», որում անցկացվում են մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում:

«Այս ընթացակարգերը չեն կարող ուղղորդել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի վրա», — ասված է Եվրամիության խոսնակի հայտարարությունում:

«Եվրամիությունը հետևողականորեն սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա համանախագահների ջանքերը՝ առաջ շարժվելու ստատուս քվոյից և անցնելու համապարփակ խաղաղ բանակցությունների: Եվրամիությունը պատրաստ է հետագայում էլ աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին», — հայտարարել է ԵՄ-ի խոսնակը:

Նախորդ հոդվածը‘Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են շփման գիծը հատած զինծառայողին’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը եզրափակում է ՖԻԴԵ-­ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը’