‘Ըստ ՊՆ վարկածի հանկարծամահ եղած զինծառայողի հորաքույր. Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում’

1365

ՀՀ ՊՆ N զորամասում դեկտեմբերի 23-ին մահացած 18-ամյա նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանը դեկտեմբերի 21-ին էր մեկնել ծառայության և  հանկարծամահ չի եղել, ինչպես նախապես տեղեկացվել է: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նորայրի հորաքույրը` Թամարա Սահակյանը:

«Հանկարծամահություն չի եղել: Նորայրը շատ առողջ երեխա է եղել: Ավելին` մինչև ծառայության մեկնելը բժշկական հանձնաժողովը ստուգել է նրան: Ի՞նչ է ստացվում է, որ բժշկական հանձնաժողով չի եղել, չեն ստուգել` հիվա՞նդ է, թե՞ ոչ»,- նշեց հորաքույրը: Հորաքույրը նաև տեղեկացրեց, որ Նորայրը սպորտով` բռնցքամարտով է զբաղվել և  պարբերաբար մրցումների է մասնակցել: «Իր գնալուց առաջ «Օդնոկլասնիկի»-ում էջ բացեց և իր մրցումների նկարները տեղադրեց այնտեղ»,- պատմեց հորաքույրը:  Ինչ վերաբերում է  դեպքի մանրամասներին և պատճառներին, ապա  հորաքրոջ փոխանցմամբ` երեխան վատացել  ճանապարհին: «Գրում են, թե վատանալուց հետո նրան հետ են բերել Երևան: Այնինչ` երեխայի դիակը Ղարաբաղից են բերում: Ստացվում է երեխայի դիակն են տարել Ղարաբաղ: Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Շատ բան են լսել: «Նախ ասում են ճանապարհին վթար է եղել: Հետո գազելներից մեկի անիվն է դուրս թռել և երեխաները իրար վրա են լցվել: Նորայրը ասել է, որ իրեն շատ վատ է զգում, բայց շատ անտարբեր են եղել: Հասնելով տեղ  տեսել են, որ Նորայրի տաքությունը շատ բարձր է: Սրսկել են, ինչից հետո էլ չի արթնացել: Շատ հնարավոր է, որ սրսկելուց լինի, հակառակ դեպքում երեխայի սիրտը ինչից է մեծացել»,- պատմեց հորաքույրը: Հարկ է նկատել, որ Նորայրը նույնիսկ զորամաս չի հասել: Նրան տարել են Խոջալու, որ այնտեղից ցրեն և հենց Խոջալուի հոսպիտալում էլ նման դժբախտություն է տեղի ունեցել: Նորայրի հորաքրոջից տեղեկացանք, որ նա 3 եղբայր էլ ունի, իսկ ինքը ընտանիքի մեծն էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով հայտնում է, որ դեկտեմբերի 23-ի առավոտյան զորահավաքակայանից զորամաս տեղափոխվելու ճանապարհին վատացել է և հոսպիտալում հանկարծամահ է եղել նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանը՝ ծնված 1994թ: Հարուցված է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է նպաստառուից կաշառք ստանալու համար’
Հաջորդ հոդվածը‘Աշխատասենյակում սպանվել է Կաբարդինո-Բալկարիայի գյուղակադեմիայի ռեկտորը’