‘Ըստ Վանեցյանի՝ Բաբայանի կողմնակիցների հետ կապված վեճը ֆինանսական խնդիրների պատճառով էր’

1448

Երեկ ուշ երեկոյան՝ կեսգիշերին մոտ, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ պնդում էր, թե իր քաղաքական համախոհների նկատմամբ զինված հարձակում է տեղի ունեցել: Ընդ որում, հայտարարությունը տարածվել էր դեպքից՝ ավելի քան մեկ օր անց:

Եւ այսպես, ըստ Բաբայանի գրասենյակի հաղորդագրության, «մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին «արցախցիներին հայտնի» բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը»։

«Մեզ հասած տվյալներով դրանք Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերն են, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները։ Ի դեպ կրակողներից մեկը եղել է սպիտակ Տոյոտա Քեմրի ավտոմեքենայում, որը պատկանում է Բալայան Ալեքսեյին։ Այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու , «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Բազմիցս օգտվելով Արայիկ Հարությունյանի հովանավորչությունից, այս բանդայի կարկառուն պարագլուխներից Ռոլանդ Այդինյանը ազատվել է քրեական պատասխանատվությունից։ ՀՀ ԱԱԾ-ն այս առումով կարող է դիմել Արցախի Շահումյանի շրջանի ԱԱԾ կառույցին և նրանից պահանջել, թե ինչ քրեական պատասխանատվությունների է ենթարկվել տվյալ անձը, ինչու չի կրել այդ պատասխանատվությունը, և ում շնորհիվ են կառճվել բոլոր գործերը։

Քանի որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ի տարածքի այդ հատվածում, տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին , հատկապես ՀՀ ԱԱԾ-ին , հետամուտ լինել այս բանդան գտնելու և չեզոքացնելու գործընթացին, այլապես այս ամենը կարող է ավարտվել արյունահեղությամբ»,- մասնավորապես ասված էր հաղորդագրության մեջ։

Ավելին, Բաբայանի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե « իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում»։

Բաբայանի գրասենյակը պնդում էր նաեւ, որ կան լուսանկարներ, որոնք կարող են ներկայացնել իրավապահ մարմիններին:

Արդեն այսօր առավոտյան, հայտարարությամբ հանդես եկավ Արայիկ Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որտեղ նշվում էր, որ կուսակցությունը դատապարտում է ցանկացած չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածումը, որով «հատկապես փորձ է արվում արատավորել մարդու բարի համբավն ու անունը»:

«Մասնավորապես՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած այն հայտարարությունը, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից «բանդաներ» են հովանավորվում կամ, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդելով, դրանում քաղաքական ենթատեքստ են փնտրում, իրականության հետ որևէ աղերս չունեն: Այդպիսի գործելաոճը ոչ միայն չի տեղավորվում մեր կուսակցության՝ համերաշխության և միասնականության կոչով հանդես եկող առաջնորդի գործելաոճում և սկզբունքներում, այլև իրավական պետություն կառուցելու մեր մտածողության և պատկերացումների մեջ:

Եթե կենցաղային կամ այլ դրդապատճառներով, իսկապես, տեղի է ունեցել հանցագործություն, մենք ևս հորդորում ենք իրաապահ մարմիններին համարժեք գնահատական տալ և մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ: Իսկ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ին կոչ ենք անում շանտաժի և անօրինականության դրդող հայտարարությունների փոխարեն՝ գալ կառուցողական դաշտ և բոլոր ելքերը փնտրել միմիայն օրենքի շրջանակներում»,- ասված էր հայտարարության մեջ:

Ժամեր անց, արդեն, դեպքը մեկնաբանեց նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը,  որը հայտարարեց, որ ԱԱԾ-ն զբաղվում է միջադեպով եւ որ գործն ամբողջությամբ բացահայտված է։

ԱԱԾ տնօրենը, սակայն, հերքում է Բաբայանի պնդումը, թե տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ ուներ, եւ որ միջադեպը կապված էր ֆինանսական հարցերի հետ:

«Ազգային անվտանգության ծառայությունն այդ գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է, որևէ դավադրություն փնտրել պետք չէ, երկու խումբ անձանց միջև ֆինանսական  հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։ Առաջիկա ժամերի ընթացքում կլինի հայտարարություն ոստիկանության և ԱԱԾ–ի համատեղ աշխատանքի վերաբերյալ»,- հայտարարել էր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ Հարությունյանը արդեն հայտարարել է, որ առաջադրվելու է 2020 թվականին կայանալիք ԼՂՀ նախագահի ընտրություններում: Սամվել Բաբայանը եւս ակտիվ հանդիպումներ է անցկացնում Արցախում, եւ առաջադրվելու մտադրություն ունի, սակայն, նա ի տարբերություն մյուս թեկնածուների՝ առաջադրման հետ կապված իրավական խնդիրներ ունի, եւ նրա առաջադրման համար պետք է իրականացնել օրենսդրական եւ սահմանադրական փոփոխություններ:

 

Նախորդ հոդվածը‘ԲԷՑ-ում տարիներով գործել են հստակ մշակված կոռուպցիոն մեխանիզմներ. Քրգործ’
Հաջորդ հոդվածը‘Միխեիլ Սաակաշվիլին վերադարձել է Ուկրաինա’