‘Թաիլանդ. Ընդդիմությունը «ժողովրդական հեղաշրջում» է հայտարարել’

768

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկն ամբողջ կիրակի հակակառավարական ցուցարարների և իրավապահների միջև լայնածավալ բախումների  թատերաբեմ էր դարձել: Տասնյակ հազարավոր ցուցարարներ, դուրս գալով փողոց, հայտարարել են «ժողովրդական պետական հեղաշրջման» մեկնարկի մասին: Նրանք այդպես են անվանում իրենց ակցիան՝ գործող կառավարության պաշտոնանկության պահանջով:

Ընդդիմության առաջնորդ Սուտեպ Տաուգսուբանը կիրակի օրը հանդիպել է Թաիլանդի վարչապետ Յինգլուկ Չինավաթի հետ, սակայն  բանակցություններն անարդյունք են ավարտվել: Վարչապետի գրասնեյակից դուրս գալով՝ ընդդիմադիր առաջնորդը հայտարարել է, որ ցուցարարները պետք է շարունակեն փողոցային ցույցերը, և այդ դեպքում երկու օրվա ընթացքում գործող իշխանության հարցերը կլուծվեն:

Բողոքի ցույցերը Բանգկոկում և Թաիլանդի  այլ քաղաքներում չեն դադարում արդեն մեկ շաբաթից ի վեր: Ցուցարարները վրդովված են երկրի «ընտանեկան» ղեկավարման փաստից: Գործող վարչապետը 2006 թ. տապալված նախկին վարչապետ Թաքսին Չինավաթի կրտսեր քույրն է: Նախկին վարչապետը հեռակա կարգով դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Ընդդիմության կարծիքով՝ Թաքսին Չինավաթը, լինելով արտասահմանում, նախկինի պես, շարունակում է կայացնել երկրի կառավարման վերաբերյալ բոլոր առանցքային որոշումները, փոխանցում է euronews-ը:

  

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը դատապարտում է իշխանության հակաօրինական գործողությունները’
Հաջորդ հոդվածը‘Կիեւ. Հանձնաժողովը Գերագույն ռադային առաջարկում է անվստահություն հայտնել կառավարությանը ‘