‘Թանկացումները հասան խմելու ջրին. «Երևան ջուրը» վարձի բարձրացման հայտ է ներկայացրել’

1529

«Երևան Ջուր» ընկերությունը մտադիր է ջրի վարձը մեկ խորանարդ մետրի համար թանկացնել 7,5 դրամով` այն դարձնելով 177,7 դրամ` տեղեկացնում են ընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Եթե Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը հաստատի ընկերության առաջարկը մեկ բաժանորդի/ընտանիքի հաշվով ջրի վարձը կավելանա ամսական 75-90 դրամով: Հիմա խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների սակագինը 170,2 դրամ է, որն 2013-ի հուլիսից էժանացել էր 3,8 դրամով:

Ջրի սակագնի աճը, ըստ ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Մուրադ Սարգսյանի, պայմանավորված է նախորդ տարի Հայաստանում արձանագրված 5,8 տոկոսանոց գնաճով՝ 2012-ի՝ 2,6 տոկոսի համեմատ ու «ըստ էության, իրենց լրացուցիչ ոչինչ չի տալիս, քանի որ միայն կոչված է փոխհատուցելու այն վնասները, որ կրում են սղաճի պատճառով»:

«Ընդ որում, մասնավորապես մանրածախ ծառայությունների սակագինը բարձրացել է 8,8 դրամով, սակայն քանի որ ընկերության կողմից ջրի վաճառքի կանոնավորման ու ապօրինությունների դեմ պայքարի շնորհիվ այդ նույն ժամանակ հաջողվել է ջրի վաճառքի ծավալն ավելացնել մոտ 1,2 մլն խորանարդ մետրով, ինչը զսպիչ գործոն է, հնարավոր է դարձել սակագնի աճը նվազեցնել 1,3 դրամով,- PanARMENIAN.Net ին ասել է Սարգսյանը: — Արդյունքում գրանցվել է 7,5 դրամ խորանարդ մետրի համար»:

Նախորդ հոդվածը‘ՉԼ 1/8-րդ եզրափակիչ. «Զենիթ» — «Բորուսիա Դորտմունդ», «Օլիմպիակոս» — «Մանչեստեր Յունայթեդ»’
Հաջորդ հոդվածը‘Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա Ներքին վարչությունում իրականացվող քննությունը հնարավոր է կանգնեցվի’