‘Թել Ավիվում Ազնավուրի համերգին 10 հազար մարդ է ներկա եղել’

1290

Միայն 10 հազար իսրայելցիներ են կարողացել մասնակցել հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի` Թել Ավիվում կայացած համերգին: Համերգին ներկա էր նաև երկրի նախագահ Շիմոն Պերեսը: Ինչպես գրում է PanARMENIAN.Net-ը` հղում անելով Jerusalem Post-ին, դեռ Իսրայել ժամանելուց առաջ Ազնավուրը ճաշի անձնական հրավեր էր ստացել նախագահ Պերեսից՝ վերջինիս նստավայրում: Շիմոն Պերեսը ֆրանկոֆոն է համարվում և հիանում է ֆրանսիական մշակույթով:

Նրա սերն առ ամեն ֆրանսիականը բավարարվեց, երբ նա անցած շաբաթ հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Շառլ Ազնավուրի հետ: Ազնավուրը 89 տարեկան է, նա ընդամենը մեկ տարով է փոքր Պերեսից, որն արդեն բոլորել է 90 տարին: Շանսոնյեն գովաբանել է Իսրայելի նախագահին նրա էներգիայի ու խաղաղություն հաստատելու ջանքերի համար:

Երկժամյա համերգի ժամանակ Ազնավուրը կատարեց իր հայտնի երգերը՝ ներառյալ «She»-ին, որը նա երգեց երգչուհի Աչիանոմ Նինիի հետ: Ամբողջ դահլիճը ձայնակցում էր նրանց:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը Կալիֆորնիայի հայրենակիցներին հորդորել է նույն եռանդով սատարել հայրենիքին’
Հաջորդ հոդվածը‘Դիլիջանի միջազգային դպրոցը «IB World School» դպրոցի լիարժեք կարգավիճակ է ստացել’