‘«Թեղուտ» ՓԲԸ. Ընկերությանը պատճառվել է զգալի նյութական վնաս’

1182

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր՝ 2013 թ. հուլիսի 5-ի վաղ առավոտյան, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների մի խումբ բնակիչներ և ՀՀ այլ համայնքներից ժամանած քաղաքացիական ակտիվիստներ խմբվել էին ընկերության կառուցվող լեռնահանքային համալիր տանող ճանապարհի մի հատվածում՝ արգելափակելով ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների ընթացքը դեպի իրենց աշխատանքի վայրեր: Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարությունն իրականացվում է անընդմեջ տեխնոլոգիաներով՝ առանց դադարների: 

Իրավիճակի սրացում թույլ չտալու նպատակով մարդկանց խմբման վայր էին ժամանել նաև ՀՀ Լոռու մարզպետը, ոստիկանության մարզային վարչության պետը, «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձիք: Հավաքված բազմության հետ բանակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարդկանց խմբման պատճառն ընկերության գործունեության տարածքներ մուտքի կանոնակարգման նպատակով դարպասների տեղադրումը և նախատեսվող կանոնակարգի էության թյուրընկալումն է: 

Հավաքված մարդկանց խմբին պարզաբանումներ տալուց հետո «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության տարածք մուտքի նախատեսվող կանոնակարգումն ընդունելի համարվեց հարակից համայնքների ներկայացուցիչների կողմից, և կեսօրին մոտ ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների տեղաշարժը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու համաձայնություն ձեռք բերվեց: 

Ցավոք՝ ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների տեղաշարժը խոչընդոտելու ապօրինի գործողությունների հետևանքով խաթարվել է ընկերության բնականոն աշխատանքը, և ընկերությանը պատճառվել է զգալի նյութական վնաս:

Նախորդ հոդվածը‘«Ոսկե ծիրան». Էկրանավորման 35-ամյակի առթիվ «Միմինոն» կցուցադրվի Գյումրիում’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը 3+1 տարբերակով պայմանագիր կստորագրի «Բորուսիայի» հետ’