‘Թեյնիկ՝ 500 դոլար, մսաղաց՝ 1100 դոլար. Ստեղծվում է Արդարադատության ակադեմիան (Մամուլ)’

1862

«ՀԺ»-ն անդրադարձ է կատարել Արդարադատության ակադեմիայի ստեղծման գործընթացին.

«Իրականացավ։ Վերջապես Հայաստանում կգործի Արդարադատության ակադեմիան, որտեղ կկոփվեն մեր ապագա դատավորներն ու դատախազները։ Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված է նորաստեղծ ակադեմիային շենք և գույք հատկացնելու մասին համապատասխան որոշման նախագիծը։ Շենքը գտնվում է Դավիթաշեն համայնքում և զբաղեցնում է մոտ քառորդ հեկտար տարածք։ Ինչպես երևում է ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած այս ցանկի 41-րդ տողից, մեր ապագա դատավորների ու դատախազների հանդերձարանների դռների վրա կախվելու է «կոխպեկ»։ Իսկ 43-րդ տողում նշված է, որ նրանք քնելու են «մախճակալների» վրա։ Այդ նույն տողում կատարված գրառումից նաև պարզ է դառնում, որ նրանց պահարաններում լինելու է հատուկ տեղ «ճամփրուկի» համար։

Ազնվության երաշխիքը ակադեմիային փոխանցվող գույքի արժեքն է։ Օրինակ, նախարարության ներկայացրած ցանկի համաձայն՝ էլեկտրական թեյնիկը արժե 500 դոլար, ննջարանի կահույքը՝ 6 հազար դոլար, սալօջախը՝ 3 հազար դոլար, ճարպաջեռոցը՝ (ֆրիտյուրնիցան) էլի 3 հազար դոլար, էլեկտրական մսաղացը՝ 1100 դոլար, «աղբի սեղանը»՝ 650 դոլար, սառը ուտեստների ցուցափեղկը՝ 5 հազար դոլար….։ Ակադեմիայի ապագա ղեկավարների գրասենյակային գույքը երևի ոսկեջրած է։ Օրինակ՝ 3 հատ կաշվեպատ աթոռներից յուրաքանչյուրի գինը, նախարարության ներկայացրած ցանկի համաձայն, արժե 500 դոլար, իսկ ղեկավարների համար նախատեսված երկու գրասեղաններից յուրաքանչյուրը արժե մոտ 1200 դոլար։ Գործնական պարապմունքների համար կահավորված դահլիճում վկայի ամբիոնի գինը 620 դոլար է։

Հիշեցնենք, որ բավական երկար ժամանակ այս ակադեմիայի նկատմամբ հսկողություն հաստատելու համար իրար կոկորդ էին կրծում արդարադատության նախարարությունն ու դատախազությունը։ Սա փողի կծիկ է։ Ի վերջո՝ որոշվեց ակադեմիայի նկատմամբ վերահսկողությունը գրեթե հավասար կիսել արդարադատության նախարարության և դատախազության միջև»,–մանրամասնում է թերթը։

Նախորդ հոդվածը‘ԱԽՔ-ը դեմ է, բայց հանուն իր պաշտոնի՝ կողմ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանի փոխվարչապետը հանդիպել է Տիգրան Սարգսյանի հետ’