‘Թե ինչու շատ հավանեցի էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին’

2164

Ֆեյսբուքում, զանազան լրատվամիջոցներում քիչումիչ կարդացել էի էպոսագետ Վարդան Սեդրակյանի մասին: Չէի տեսել: Երեկ տեսա: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Ապոլիտիկա» հաղորդաշարի հյուրն էր: Մնացած թեկնածուներից դեռևս միայն Անդրիաս Ղուկասյանին չեմ տեսել ու լսել, ուստի բնականաբար` այս թեկնածուի դեպքում ձեռնպահ կմնամ, մանավանդ որ` հենց հիմա մարդը հացադուլ է անում հանուն հայրենիքի: Մնացածներին քիչ թե շատ գիտեմ: Եվ քանի որ գիտեմ, միանգամից ասեմ, որ նրանց ֆոնին շատ հավանեցի այս ՀՀ նախագահի թեկնածուին` էպոսագետին:

Ոչ այն պատճառով, որ մասնագիտությամբ ճարտարապետ է, իսկ այդ մասնագիտության տեր մարդկանց նկատմամբ «կանխակալ» դրական վերաբերմունք ունեմ: Ոչ էլ այն պատճառով, որ թավջութակ նվագել գիտի: Ռոստրոպովիչի նման չի նվագում, բայց հո՞ նվագում է: Ոչ էլ այն պատճառով, որ մեր էպոսը եփել-թափել է ու սկուտեղի վրա սիրով մատուցում է ազգին:

Չէ: Ինձ դուր եկավ Վարդան Սեդրակյանը, որովհետև չափազանց անկեղծ էր: Պարզ ու շիտակ ասաց, որ բռնակալությունը շատ լավ բան է, իսկ ժողովրդավարությունը` շատ վատ բան: Հետո էլ ասաց, որ իր ամենասիրած գործն իշխելն է, ու հենց դրա համար էլ ուզում է Հայաստանի նախագահ դառնալ: Տեղը տեղին պարզաբանեց, թե ինչու է բռնակալությունը շատ լավ բան, իսկ ժողովրդավարությունը` շատ վատ բան: Ժողովրդավարության այդ շատ վատ բաներից մեկն էլ, ըստ Սեդրակյանի, այն էր, որ սեռական փոքրամասնությունն աշխուժացել է մեր նամուսով Հայաստանում, և երբ ինքն սկսի «իշխել», դրանց քոքը Հայաստանից կտրելու է շատ քաղաքակիրթ ձևով` առանց «անզգույշ քաշքշելու» ուղարկելու է այլ երկրներ: Կարող էր, չէ՞, էն մյուս բռնակալ Ֆիդել Կաստրոյի նման բանտերը լցնել այդ փոքրամասնությանը, նվաստացնել, ոչնչացնել, բայց չէ` էս մարդը բարի բռնակալ է, ասելու է` շառներդ քաշեք էստեղից, էլ աչքս չտեսնի ձեզ:

Բռնակալ և իշխել սիրող Վարդան Սեդրակյանը նաև ազդարարեց` դեմ է, որ հայ կանայք քաղաքականությամբ զբաղվեն: Հանգիստ, առանց ջղակծկումների հիշեցրեց, որ կնոջ տեղը խոհանոցն է, առաքելությունն էլ` երեխա ծնելն ու ամուսնուն ծառայելը: Բայց մեր էպոսագետն այնքան բռնակալ չէ, ու այն աստիճանի չի հասնում իր սերն իշխելու հանդեպ, որ կանանց արգելի աշխատել: Չէ, կի՛ն, ճամփան բաց է` առավոտը գնա աշխատանքի, մինչև չորսը աշխատիր, հասիր տուն ու մարշդ նվագիր խոհանոց, որովհետև ուր որ է՝ հոգնած կգա քո ՀՀ նախագահի թեկնածու ամուսինը, ու որ բորշչը դեռ պատրաստ չլինի, դու քո հալը կտեսնես:

Էլի լիքը հետաքրքիր բաներ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, բայց, կարծում եմ, այս մի քանի օրինակն էլ բավական էր` հասկանալու համար, որ այս մարդը չի ստում: Եթե ստեր, կասեր` ինքը ժողովրդավար է, և հենց ընտրվեր` Սերժիկ Սարգսյանի նման բանտերը կլցներ քաղբանտարկյալներով, կասեր` չոր հացը կոկորդին կանգնում է` հենց հիշում է, որ ազգի կեսից ավելին կիսաքաղց է, ու ամեն ինչ կաներ, որ իր մերձավոր շրջապատն ու ինքը յուղոտ չալաղաջ կուլ տալուց ու զկռտալուց հետո էդ չոր հացն էլ խլեն կիսաքաղցներից: Կասեր` առա՛ջ, Հայաստան, ու սմբակներով Հայաստանը կգլորեր անդունդը, կասեր` ապահով Հայաստան, ու մաս-մաս կծախեր Հայաստանը մեր դարավոր եղբորը…

Իմ տեսած Վարդան Սեդրակյանը նման բաներ չասաց: Պարզ, շիտակ, առանց ծեքծեքումների, ուղիղ նայելով հմայիչ հեռուստալրագրողի աչքերին՝ ասաց` ինչ մտածում էր: Ուզում եք` ուզեք, չեք ուզում` հեչ էլ ուզեք: Մանավանդ որ` ուզեք-չուզեք, Վարդան Սեդրակյանը որոշել է ու դառնալու է Հայաստանի Հանրապետության նախագահ: Ինքն ասաց: Թող դառնա: Ինքս չեմ ընտրելու ոչ Վարդան Սեդրակյանին, ոչ էլ` որևէ մեկի, բայց որ էպոսագետին ընտրողները ծանր հիասթափություն չեն ապրելու, թե` մի բան խոստացավ, բայց հակառակն արեց, հաստատ է: 

Ըհը, հենց նոր էլ կայքերից մեկում կարդացի, որ Վարդան Սեդրակյանը չի աղավաղում ներկա պահին Հայաստանի գահը զավթած Սարգսյանի անունը` Սերժիկ է, Սերժիկ էլ ասում է: Ավելի հավանեցի էս մարդուն:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի բուկլետում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմը» դադարեցրել է բանակցությունները «Շախտյորի» հետ’