‘Թոխմախի գերեզմանատանը ոչնչացվում է հայ մտավորականների հիշատակը ‘

2213

Հրաչյա Աճառյանի գերեզմանաքարը …

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ
(1876-1953), ականավոր հայ բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոլոգիայի, լեքսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն:
Ծնվել է Կ. Պոլսում, 1876 թ. մարտի 8 (20)-ին, կոշկակարի ընտանիքում, վախճանվել՝ Երևանում՝ 1953 թվականին։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակարտել է Անտուան Մեյեին։ 1897 թ. Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիությունը լազերինի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Նույն թվին նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898 թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մի սեմեստեր լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թ. Աճառյանը գալիս է Անդրկովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։

Երկար տարիներ նա ուսուցչություն է արել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր–Նախիջևանում, Կարինում և այլուր։ Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով հայ մշակույթի որոշ արժեքները։

Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրեր, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Գավառական ուսուցչի թափառական դրությունը Աճառյանին թույլ չի տվել հրապարակելու իր կարևոր աշխատությունները։ Սովետական կարգերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվում է Պետական Համալսարանի դասախոս, և ամբողջապես նվիրվում է գիտական ու մանկավարժական աշխատանքների և իրար ետևից լույս է ընծայում բազմաթիվ գիտական աշխատություններ։

Աշխատություններ
_________________
«Քննություն Ղարաբաղի բարբառի» Վաղարշապատ(1901)
«Թուրքերենե փոխառյալ բառեր հայերենի մեջ» Վաղարշապատ (1902)
«Classification des dialectes arméniens» (1909)
«Գավառական բառարան» (1913)
«Քննություն Նոր–Նախիջևանի բարբառի» (1925)
«Քննություն Մարաղայի բարբառի» (1926)
«Քննություն Ագուլիսի բարբառի» (1936)
«Քննություն Նոր-Ջուղայի բարբառի», Երևան (1940)
«Քննություն Պոլսահայ բարբառի» (1940)
«Հայ բառագիտություն» (1941)
«Քննություն Համշենի բարբառի» (1941)
«Քննություն Վանի բարբառի» Երևան(1952)
«Քննություն Առտիալի բարբառի» Երևան(1953)
«Հայոց անձնանունների բառարան»
«Հայերեն Արմատական Բառարան» (1926-1935)
«Տաճկահայոց հարցի պատմությունը» (Սկզբից մինչև 1915 թ.). Նոր Նախիջևան, 1915:
«Կյանքիս հուշերից» Երևան(1967)

Իր կյանք վերջին տարիններին Աճառյանը նվիրվել էր «Լիակատար քերականություն հայոց լեզվի» մեծածավալ աշխատությանը՝ կազմված 12 հատորներից, որտեղ քննարկվում է հայոց լեզվի քերականությունը և պատմական զարգացումը 562 լեզուների համեմատությամբ։ Բացի նշված աշխատություններից, Աճառյանը մոտ քառասուն տարի աշխատակցել է հայ բազմաթիվ պարբերականների, մի քանի տասնյակ հոդվածներ է գրել թե՛ հասարակական հարցերի և թե՛ գիտական-լեզվաբանական ուղղությամբ։ 1935 թվականին նրան շնորհվել է Գիտական վաստակավոր գործչի կոչում, իսկ 1943 թվականին նա ընտրվել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ։ Լեզվաբան և ճարտապարետ և թարգմանիչ հրապարակախոս: 

Պրոֆեսոր Խորեն Երիցյանի գերեզմանաքարը …

ԽՈՐԵՆ ԵՐԻՑՅԱՆ
Ծննդյան վայրը` գ. Սանահին
(15.01.1882 — 05.05.1956)
Մասնագիտություն` Անասնաբուծություն
Հետազոտությունների բնագավառը` Գիտական հետազոտությունները վերաբերում են անասնաբուծության ոլորտին, մասնավորապես գյուղատնտեսական անասունների արոտային կերակրման նորմավորման հարցերին:
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Աշխատել է ՀԽՍՀ հողժողկոմատում (1921-1922): ԵՊՀ-ի, ապա` գյուղ. ին-տի անասնաբուծ. ամբիոնի վարիչ (1923-1950), ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ (1924-1927):
Կրթություն, գիտական կոչում, աստիճան`Ավարտել է Լայպցիգի համալսարանը (1909): 
Գյուղ.գ.դ. (1945), պրոֆ. (1929): ՀԽՍՀ ԳԱ Թղթ. անդ. (1945):

Պրոֆեսոր Ռուբեն Յոլյանի գերեզմանաքարը …

ՌՈՒԲԵՆ ՅՈԼՅԱՆ
(1894-1955), վիրաբույժ, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՍՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, ԵրԲԻ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի վարիչ։ Հայաստանում արյան փոխներարկման ԳՀԻ հիմնադիրը։ ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է (թե՞ «էր», չգիտեմ ) նրա անունով անվանական կրթաթոշակ։

Հայրապետ Հայրապետյանի գերեզմանաքարը …

ՀԱՅՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
(ծն. 1874, դեկտեմբերի 1 — մհ. 1962, մարտի 7), հայ բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1950), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Ծնվել է Նախիջևանի Տանակերտ գյուղում։ 1888-93-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Այնուհետև շուրջ 40 տարի ուսուցչություն է արել Մեղրիում, Սիսիանում, Մոզդոկում, Քութայիսում, Դերբենդում, Աստրախանում, Պյատիգորսկում, Երևանում և այլ վայրերում։ 1933-55-ին աշխատել է «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր (1930-1970)։ Մահացել է Երևանում։

Արթուր Եղիազարյանի Ֆեյսբուքյան էջից


Նախորդ հոդվածը‘Կանադահայ համայնքն արդարություն է պահանջում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘2011 թ. ամենաշատը ԵՄ են արտագաղթել ուկրաինացիները’