‘Թույլ օղակ’

1665

Երբ մայրուղով երթևեկում ես, և դիմացդ հայտնվում է մի վարորդ, որը «սխալ» է վարում իր ավտոմեքենան, նա կարող է կաթվածահար անել ամբողջ մայրուղու երթևեկությունը: Թվում է, թե առանձին մեքենա է, քեզ հետ ընդհանրապես կապ  չունի, քո ետևից և առջևից ընթացող ավտոմեքենաների հետ էլ կապ չունի, սակայն նրա դանդաղ կամ արագ քշելը փչացնում է ամբողջ երթևեկությունը: Հնարավոր է, որ այդ մեքենան վթարային իրավիճակ էլ չստեղծի, սակայն դա էլ որևէ նշանակություն չունի. այն կարող է մի քանի ժամով խաթարել մյուսների՝ ցանկալի վայրում հայտնվելը, կամ էլ ստիպել ուրիշներին վթարային իրավիճակ ստեղծել, միայն թե ազատվեն դիմացն ընկած այդ վարորդից:

Ի տարբերություն ՀՀ իշխանության ներկայացուցիչների՝ կյանքումս ընդամենը մեկ անգամ եմ կազինոյում եղել, ու երբ ընկերներս ինձ տարան կազինո, զգուշացրին, որ ամենակարևորը՝ չնստեմ այնպիսի սեղանի առաջ, որտեղ թույլ կամ անհաջողակ խաղացող կա: Իմ այն հարցին, թե ուրիշ խաղացողներն ինձ հետ ի՞նչ կապ ունեն, չէ՞ որ նրանք իրենց փողերն են տանուլ տալիս կամ շահում, իսկ ես՝ իմը, ընկերներս պատասխանեցին, որ դիլլերը մեկն է, և սեղանի մոտ գտնվող մի «սխալ» խաղացող կարող է փչացնել ամբողջ սեղանի իրավիճակը:

Այդ դասից հետո այլևս երբևէ կազինոյում չեմ եղել, որովհետև հասկացա, որ քանի դեռ դու չես կարող վստահ լինել, թե սեղանի մյուս ծայրում ով է նստած, ու կապ չունի` նա շահում է, թե տանուլ տալիս, եթե նույն սեղանին եք, նա կարող է փչացնել քո խաղը:

Նույնն էլ ցանկացած այլ խաղի դեպքում է: Եթե թիմում թույլ խաղացող կա, հակառակորդ կողմը «գիշատչի» նման զգում է այդ թույլ խաղացողին և հենց այդ ուղղությամբ էլ խաղում է, որպեսզի անընդհատ դու պարտվես: Դեպքեր են լինում, որ հակառակորդ կողմը նույնիսկ այնպես է անում, որ քո թիմի թույլ խաղացողը իրենց գոլ խփի, ու տպավորություն ստեղծվի, թե իբր նա թույլ խաղացող չէ, միայն թե նրան չփոխարինեն, ու վերջնահաշվարկի ժամանակ քո թիմը պարտվի:

Մի քանի տարի է` Սերժ Սարգսյանը, որպես թիմի ավագ, խաղում է Հայաստանի հավաքականում: Ինչքան էլ ասենք, թե նա մեր թիմից չէ, ես որևէ առնչություն չունեմ նրա հետ, նա առանձին ավտոմեքենա է քշում, ես՝ առանձին, նրա նպատակներն այլ են, իմը` այլ, ի՛նձ ինչ` նա գոլ խփե՞ց, թե՞ գոլ բաց թողեց, վերջնահաշվարկում մենք պարտված ենք դուրս գալիս: 

ՀՀ իշխանությունների պարտությունը արտաքին հարաբերություններում միայն իրենց պարտությունը չէ, դա երկրի պարտությունն է, որի մասին շատերը մոռացել են: Կարելի է մտածել, թե այդ դեպքում ժողովուրդն ինչո՞ւ չի աջակցում ՀՀ իշխանություններին, որ նա էլ արտաքին աշխարհում հաղթանակներ տանի, այլ միայն ուրախանում է ՀՀ իշխանությունների պարտություններից: Հարցի պատասխանը շատ պարզ է. ցանկացած ժողովուրդ աջակցում է միայն այնպիսի իշխանությունների, որին նա ընտրել է, իսկ այն իշխանությունները, որոնք պահում են իրենց իշխանությունը ժողովրդին կեղեքելով ու ճնշելով, դատապարտված են մերժված լինելու ոչ միայն արտաքին աշխարհի, այլ նաև սեփական ժողովրդի կողմից:

Ու եթե մենք ցանկանում ենք չպարտվել ու մեր պարտություններն էլ չկապել իշխանության պարտության հետ և չուրախանալ դրանից, անհրաժեշտ է, որ Հայաստանի ամենաթույլ խաղացողը հեռանա դաշտից:

Ուրախալի է, որ գոնե վեց տարի անց դաշտի մնացած խաղացողներն էլ են վերջապես հասկացել դա:

Միսակ Մարտինյան 

Նախորդ հոդվածը‘Եվրոպացի փորձագետ. Առկա է ղարաբաղյան հակամարտության` իսրայելա-պաղեստինյան դիմակայության վերածման վտանգ’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 28-ին Երեւանում ծնվել է 50 երեխա’