‘Թուրքիայի նախագահը խոստացել է վերակազմավորել երկրի զինված ուժերը’

1755

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո խոստացել է վերակազմավորել զինված ուժերը: Այդ մասին հինգշաբթի նա հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում:

Էրդողանը հեղաշրջման փորձի մեջ կրկին մեղադրել է իր նախկին զինակցին՝ Ֆեթհուլլահ Գյուլենին, և խոստացել է, որ Գյուլենի ղեկավարած «Հիզմեթ» շարժման նկատմամբ նույնպիսի միջոցառումներ կկիրառվեն, ինչպիսիք կիրառվում են քուրդ անջատականների դեմ:

Թուրքիայի նախագահը նաև մեկնաբանել է երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը՝ հակադարձելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին. «Ֆրանսիան սկզբում արտակարգ դրություն հայտարարեց երեք ամսով, այնուհետև այն երկարացրեց ևս երեք ամսով: Այսինքն՝ երկարացնելու համար արգելք չկա, հետագայում մենք նույնպես կարող ենք արտակարգ դրության ռեժիմը երկարացնել ևս երեք ամսով»,-ասել է Էրդողանը:

Մինչդեռ Եվրոպան այնքան էլ չի ողջունում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները: Հատկապես մտահոգության տեղիք են տալիս այն անձանց «զտումները», ովքեր, իշխանությունների կարծիքով, կապ ունեն խռովության կազմակերպիչների հետ:

Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել նախագահի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» պարտվեց. Մխիթարյանը գրավեց նախկին թիմի դարպասը (տեսանյութ)’