‘Թուրքիայի նախագահը քննադատել է ավստրիական «Իսլամի մասին օրենքը»’

984

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը կտրուկ քննադատության է ենթարկել Ավստրիայի խորհրդարանի ընդունած «Իսլամի մասին օրենքը»՝ այն անվանելով ԵՄ իրավական նորմերին անհամապատասխան, գրում է РИА Новости-ն:

 Ավստրիայի խորհրդարանը չորեքշաբթի ընդունել է նորացված «Իսլամի մասին օրենքը», ինչն արգելում է մուսուլմանական կազմակերպությունների ֆինանսավորումն արտերկրից եւ պահանջում է, որ մինչեւ տարեվերջ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո բոլոր իմամները ունենան ավստրիական դիպլոմներ: Թեեւ օրենքը արժանացել է ավստրիական հիմնական մուսուլմանական կազմակերպությունների հավանությանը, ATIB Ավստրիայի թուրքերի միությունը եւ MJOE մուսուլմանական երիտասարդության կազմակերպությունը հայտարարել են, որ բողոք են ներկայացնելու Սահմանադրական դատարան: Օրենքը քննադատել է նաեւ Թուրքիայի կրոնների հարցերով վարչության ղեկավար Մեհմեդ Հերմեզը:

«Մի կողմից՝ դուք խոսում եք ԵՄ իրավական նորմերի մասին, իսկ մյուս կողմից՝ քայլեր եք կատարում, որոնք բացարձակապես չեն համապատասխանում այդ նորմերին»,- հայտարարել է Էրդողանը՝ մեկնաբանելով այդ օրենքը Ստամբուլում իր ելույթի ընթացքում, Սաուդյան Արաբիա այցելության թռիչքից առաջ:

Նա հիշեցրել է իսլամաֆոբիայի վերջին օրինակների, ինչպես նաեւ Արեւմուտքում, այդ թվում եւ ԵՄ երկրներում, մուսուլմանների դեմ կանխակալ կարծիքների մասին, եւ ընդգծել է «այդ նախապաշարմունքները դադարեցնելու» անհրաժեշտությունը:

Իսլամը պաշտոնական մակարդակում ընդունվել է Ավստրիայում 1912թ.: Դրա կարգավիճակի  մասին օրենքն ընդունվել է Ֆրանց Իոսիֆ I-ի օրոք, Բոսնիայի եւ Հերցեգովիանայի անեքսիայից հետո, այնտեղ բնակվող մուսուլմանների ինտեգրացիայի համար: Ներկայումս Ավստրիայում բնակվում է շուրջ 500 հազար մուսուլման: Ավստրիական մզկիթներում ծառայում է 300 իմամ, այդ թվում՝ 65 թուրք քարոզիչ:

Նախորդ հոդվածը‘Էստոնիայում ընտրություններն անցել են Ռուսաստանի հանդեպ վախի ուղեկցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Իրաքի բանակը փորձում է ազատագրել Թիքրիթը’