‘Թուրքիայում բողոքի ալիքը մարո՞ւմ է’

956

Երեքշաբթի օրվա առավոտը Ստամբուլի Թաքսիմ հրապարակը դիմավորել է խաղաղ ցուցարարներով: Չնայած ստացված տեղեկություններին, թե զոհերի թիվը դարձել է 2-ը, բողոքի ալիքը կարծես թե մարում է: Անցյալ գիշեր նոր բախումներ են տեղի ունեցել միայն Ստամբուլի Գեզի պուրակի մերձակայքում: Գործող վարչապետ Էրդողանի հակառակորդները սկսել են բարիկադներ կառուցել, և ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ և ծխապարկուճներ է կիրառել: Ցուցարարները դիմել են  հանպատրաստից պաշտպանական միջոցների՝ դիմակներ, լողի ակնոցներ, և չեն հեռացել հրապարակից: «Նման բան աշխարհում ոչ մի տեղ չկա: Ես դեռ չեմ տեսել այնպիսի իշխանություններ և այնպիսի ոստիկանություն, որոնք այդքան ատեն սեփական ժողովրդին: Բայց մենք չենք հանձնվելու: Մենք չենք նահանջելու, մենք շարունակելու ենք պայքարը»,- ասել է ցուցարարներից մեկը:

Մայրաքաղաք Անկարայում անցյալ գիշեր կատաղի բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Իրավապահները ռետինե գնդակներով կրակել են ցուցարարների ուղղությամբ: Ցուցարարներն, իրենց հերթին, քարեր և տարբեր առարկաներ են շպրտել ոստիկանների վրա: Թուրքական ամենաազդեցիկ արհմիություններից մեկը դատապարտել է բռնությունները և երկօրյա գործադուլի կոչ է արել՝ ի նշան համերաշխության՝ իշխող կուսակցության քաղաքականության դեմ բողոքող ցուցարարների:  Ըստ արհմիության ներկայացուցիչների՝ Էրդողանի կուսակցությունը երկիրը տանում է  իսլամացման:

Բժիշկների տվյալներով՝ իրավապահ ուժերի կողմից ցույցերը ցրելու ընթացքում վիրավորվել է ավելի քան 3 հազար մարդ: Նրացից 28-ի վիճակը ծայրահեղ ծանր է, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Գորիսի արյունահեղության նոր վարկած. Սուրիկ Խաչատրյանը Բուդաղյանին գնդակահարել է մեքենայի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Էս զավթիչների ռեժիմը պիտի կործանել’