‘Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է սկսվել’

759

Թուրքական դատարանն այսօր ձեռնամուխ է եղել հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռի վերանայմանը, հաղորդել է France-Presse գործակալությունը:

Դատավարությունը վերսկսվել է վերաքնիչ դատարանի պահանջով, որը մայիսին որոշում կայացրեց վերանայելու 18 անձանց նկատմամբ կայացված արդարացման դատավճիռները, որոնցից հանվել էր լրագրողի սպանության  կազմակերպման մեղադրանքը: Դատարանի որոշման համաձայն՝ այդ 18 անձինք կապ են ունեցել սպանության համար մեղավոր ճանաչված Յասին Հայալի հետ, որը 2012 թ. դատապարտվեց ցմահ ազատազրկման: Ճիշտ է, Today’s Zaman-ի տվյալներով՝ դատարանը եզրակացրել է, որ խոսքը ահաբեկչական կազմակերպության մասին չէ, որի առնչությունը սպանությանը ջանում էին ապացուցել Դինքի ընտանիքի փաստաբանները, այլ սովորական հանցախմբի:

Թուրք իրավապաշտպանների կարծիքով՝ Թուրքիայի իրավապահ մարմինները տեղյակ են եղել Դինքի սպանության նախապատրաստությանը, բայց ոչինչ չեն արել՝ այն կանխելու համար: Համարելով, որ իշխանություններն ուզում են «կոծկել» այդ գործը՝ ակտիվիստները պահանջում են հնարավորինս ազնիվ և թափանցիկ դատավարություն: Մինչդեռ Դինքի հարազատները, Today’s Zaman-ի տվյալներով, հրաժարվել են մասնակցել դատավարությանը՝ հայտարարելով, որ չեն հավատում նրա ազնվությանը:

Երկլեզու «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, որը հայտնի էր թուրք իշխանությունների կտրուկ քննադատությամբ, սպանվել է 2007 թ. ազգայնական համոզմունքներ ունեցող  անչափահաս Օգյուն Սամաստի կողմից: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նա միայնակ չի գործել, այլ ուղղորդվել է Հայալի և ուրիշների կողմից: Սամաստը դատապարտվել է 23-ամյա կալանքի, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ՆԳ նախարար . «Վրաստանը կատարել է իր ընտրությունը, և այդ ընտրությունը եվրոպական է»’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարին’