‘«Թրանսփարենսի Ինթերնեյշընըլը» փաստեր է ներկայացրել Նարեկ Սարգսյանի դեմ’

2030

«Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ» հասարակական կազմակերպությունը հայտարարել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից հովանավորչության եւ պաշտոնեական չարաշահումների վերաբերյալ իր ունեցած կասկածների մասին:

Ըստ տարածած հաղորդագրության՝ կազմակերպությունը իր ունեցած կասկածների մասին դիմումով հայտնել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն: Իսկ ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում այդ դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով:

«Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ»-ը հիշեցնում է, որ Նարեկ Սարգսյանը, որպես Երևանի գլխավոր ճարտարապետ, պաշտոնավարել է 1999-2004թթ. և 2011թ.-ից մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը: Ն.Սարգսյանի օրոք և նրա անմիջական մասնակցությամբ սկիզբ է դրվել Երևանի կենտրոնի խոշորածավալ կառուցապատմանը, որի շինարարական-նախագծային աշխատանքներում ներգրավված է նրան պատկանող «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ն:

Ըստ կազմակերպության, հենց այդ ըներությունն է նախագծել Աբովյան փողոց 3 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերակցության (ԱՕԿՍ) շենքի և դրան հարակից տարածքում կառուցվելիք հյուրանոցային համալիրը, ինչը նշանակում է, որ քանդման վտանգի տակ են հիշյալ շենքը և դրան հարակից տարածքը, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ համարվում են հանրապետական նշանակության հուշարձաններ:

Երևանի գլխավոր ճարտարապետը հանդիսանում է հանրային ծառայող: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի՝ «Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Իսկ 2008-2011թթ. Ն.Սարգսյանն, աշխատելով որպես ՀՀ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարարի տեղակալ, համատեղել է իր պաշտոնն ու բիզնեսը և ներգրավվել արդեն իսկ կառուցված կամ կառուցապատման ընթացքում գտնվող մի քանի շենքերի նախագծային աշխատանքներում:

«Վերոնշված փաստերի պարագայում ողջամիտ կասկածներ են ծագել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապես Նարեկ Սարգսյանի կողմից հովանավորչության դրսևորման և պաշտոնի հնարավոր չարաշահումների վերաբերյալ»,-ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

«ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2005թ. հայտնաբերել է Երևան քաղաքում հուշարձանների ոչնչացման փաստերը, սակայն մինչ օրս որևէ մեկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության չի ենթարկել, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու համար»:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլը» բարկացել է Սուարեսի վրա’
Հաջորդ հոդվածը‘ԵԹԿՊԻ-ն դատապարտում է դասախոսի դանակահարության դեպքը’