‘«Թրաշալի քառյակի» դեգերումները ՀՀՇ-ում եւ ՀՀՇ-ից դուրս’

3013

Ինչպես հայտնի է՝ մի քանի գործիչներ՝ Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Արարատ Զուրաբյանը եւ Հովհաննես Իգիթյանը դիմել են արդարադատության նախարարություն՝ Հայոց համազգային շարժում կուսակցությունը վերագրանցելու հայտով: Սա այն դեպքում, երբ ՀՀՇ համագումարը դեռեւս փետրվարին որոշել էր շարունակել իր գործունեությունը՝ վերանվանվելով Հայ ազգային կոնգրես կուսակցության: Բացի դրանից, պետռեգիստրում գրանցված է ՀՀՇ հասարակական կազմակերպությունը՝ իր տարբերանշանով, հետեւաբար՝ մեկ այլ կազմակերպություն նույն անունով ու տարբերանշանով գրանցվել չի կարող: Սա իմիջիայլոց:

Այժմ  մի քանի բառով ներկայացնենք ՀՀՇ «վերագրանցումը» նախաձեռնող պարոնների ոդիսականը՝ հենց ՀՀՇ ներսում:

Այսպես, այս օրերին ՀՀՇ «բրենդի ու գաղափարախոսության ջատագով» ներկայացող Աժ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը ՀՀՇ-ն լքել է դեռեւս 1998-ի հեղաշրջումից եւ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո: Այնուհետեւ տասը տարի Ռուբինյանն իրեն ներկայացնում էր որպես «նոմինալ ՀՀՇ-ական»՝ որեւէ մասնակցություն չունանելով կուսակցության որոշումների կայացման գործընթացի մեջ: 2010թ. ՀՀՇ համագումարին Կարապետ Ռուբինյանը վերադարձավ՝ առաջադրվելով կուսակցության վարչության անդամի պաշտոնում, անհաջողությունից հետո «նոմինալ անդամը» վերջնականապես լքեց ՀՀՇ-ն՝ դժգոհելով ներկուսակցական դեմոկրատիայի պակասից:

Մեկ այլ «ջատագով»՝ ՀՀ երբեմնի ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով այս օրերին փորձում է իրեն ներկայացնել որպես ՀՀՇ հիմնադիր անդամ, իրականում ԱԻՄ կուսակցության հիմնադիր անդամներից է: Նա ՀՀՇ անդամ դարձավ 98-ից հետո, այնուհետեւ, փաստացի դուրս եկավ կուսակցությունից 2006-ին՝ «Ցախավելների հեղափոխության» շրջանում, եւ վերջնականապես խզեց կապերը կուսակցության հետ 2011-ին՝ նախաձեռնելով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծումը: Այժմ էլ, փաստորեն, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը զատվում է «Ազատ դեմոկրատներից»՝ նախաձեռնելով «ՀՀՇ վերագրանցումը»:

Քառյակի մյուս անդամին՝ Հովհաննես Իգիթյանին անկախ Հայաստանի առաջին տասնամյակի քաղաքական անցուդարձի լավատեղյակները կհիշեն 1998-ից, երբ փաստացի հեղաշրջումից ու նախագահի հրաժարականից հետո ՀՀՇ գրեթե ողջ թիմը՝ շուրջ 40 հոգի, հրաժարվեցին իշխանության գործադիր եւ օրենսդիր մարմիններում իրենց զբաղեցրած պաշտոններից: Այդ օրերին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Իգիթյանը գտնվում էր արտասահմանում, որտեղից վերադառնալուց հետո հրաժարվեց լքել պաշտոնը: Ճիշտ է՝ այդ պաշտոնին նա ստիպված էր հրաժեշտ տալ որոշ ժամանակ անց՝ ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանի հետ ունեցած անձնական խնդիրների պատճառով: Իսկ վերջին տարիներին ավելի շատ արտասահմանում, քան Հայաստանում գտնվող պարոն Իգիթյանի դերակատարությունը ՀՀՇ կուսակցությունում, մեղմ ասած, այնքան էլ նշանակալի չէր: Ի վերջո, նա խզեց կապերը Շարժման հետ՝ կուսակցության անվանափոխությունից հետո:

Իսկ քառյակի վերջին ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը, կուսկցության վարչության նախագահի պաշտոնը ավելի քան տասը տարի զբաղեցնելուց հետո լքեց կուսակցությունը: Պատճառը՝ կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս բերելու իր ծրագրի ձախողումն էր:  ՀՀՇ-ն լքելուց հետո Զուրաբյանը իր այդ պլանի համահեղինակ եւ ջատագով Խաչիկ Քոքոբելյանի հետ նախաձեռնել էր «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հիմնադրումը: Սակայն, որոշ ժամանակ անց, Քոքոբելյանի եւ մյուսների հետ ունեցած տարաձայնություններից հետո վերջինս դուրս եկավ նաեւ «Ազատ Դեմոկրատներ»-ից, եւ որոշ ժամանակ լռություն պահպանելուց հետո՝ հանկարծ սկսեց պայքարել ՀՀՇ-ի համար:

Փաստորեն, ինչպես տեսնում ենք, ահա այսպիսի «սկզբունքային» գործիչներ են այսօր պայքարում հանուն «Հայոց համազգային շարժման» անվան ու գաղափարների վերածնունդի:  

Պանդուխտ Արարատյան

   

Նախորդ հոդվածը‘Վրաստանում տասներկու մարդ ձերբակալվել է «գողական աշխարհի» անդամ լինելու համար’
Հաջորդ հոդվածը‘Մ.Սաակաշվիլի. Վրաստանի կառավարության միջազգային մեկուսացումը բխում է ՌԴ շահերից’