‘«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու գործընթացը’

790

«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, «պահանջում է ՀՀ դե ֆակտո նախագահից՝ անհապաղ հրաժարվել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացից»: Հաղորդագրությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ժառանգություն» կուսակցությունը 2013-ի սեպտեմբերի 3-ից ի վեր հետևողականորեն և պարբերաբար դեմ է արտահայտվել Հայաստանը Մաքսային միությանը կամ դրա իրավահաջորդ Եվրասիական տնտեսական միությանը միացնելու՝ ՀՀ իշխանության դատապարտելի ջանքերին: Համարում ենք, որ Սերժ Սարգսյանի անընդունելի, Հայաստանի ազգային շահերից չբխող արտաքին և ներքին քաղաքականությունները միտված են կեղծված ընտրությունների արդյունքում ձեռք բերած իր անձնական իշխանության երկարաձգմանը և հարվածում են Հայոց երկու պետականությունների անկախությանն և անվտանգությանը:

Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության հիմնադրման արարողության ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հնչեցրած նախապայմանը, որը վերաբերում էր Հայաստանին այդ միության մեջ առանց Արցախի ընդունելուն, և որն ակնհայտորեն համաձայնեցված էր Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հետ, այլևս ամենքին ցույց տվեց, որ Հայաստանը անելիք չունի այս միության մեջ:

Թեև ԵՏՄ-ն ձևավորվում է իր անդամների շահերը պաշտպանելու նպատակով, այն չի պատրաստվում պաշտպանել Հայաստանի ազգային շահերը. ճիշտ հակառակը՝ արդեն պաշտպանում է միությանն անդամակցելու որևէ մտադրություն չհայտնած, ՀԱՊԿ անդամ չհանդիսացող և մեր երկրի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանի շահերը: Հայաստանին փորձ է արվում պարտադրել մի նախապայման, որը չի գործել այս միության մեկ այլ անդամի՝ Ռուսաստանի պարագայում, որը մտել է միություն ո՛չ «միջազգայնորեն ճանաչված սահմաններով»:

Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը ԵՏՄ-ում հիմք է տալիս կարծելու, որ Հայաստանն այդ միությունում դիտվում է ոչ թե որպես իրավահավասար գործընկեր, այլ որպես գործիք՝ Ադրբեջանի վրա ներգործելու համար: Իսկ այս դեպքում Ադրբեջանին վճարվող գինը դիտվում է Արցախը: Փաստորեն, այս միության մեջ դեռ Ադրբեջանի բացակայության պայմաններում վերջինի շահերը արդեն ավելի բարձր են դասվում Հայաստանի շահերից:

«Ժառանգություն» կուսակցությունը.

1. պահանջում է ՀՀ դե ֆակտո նախագահից անհապաղ հրաժարվել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացից.

2. կոչ է անում ՀՀ քաղաքական ուժերին պաշտոնական դիրքորոշում արտահայտել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու վտանգավոր գործընթացի վերաբերյալ, նաև ս.թ. մայիսի 29-ին Աստանայում ի հայտ եկած իրողությունների լույսի ներքո.

3. կոչ է անում Հայաստանի առողջ ուժերին միասնաբար ուղիներ փնտրել Հայաստանի և Արցախի ինքնիշխանությանը և անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայելու համար:

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2014-ին ընդառաջ. Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի վեջնական կազմը’
Հաջորդ հոդվածը‘Արդարադատության նախարարը՝ Միկոյանի մասին. Սխալ է պատմական կերպարներին քննադատելը’