‘ԻԵՄ հայտարարությունը Սերժ Սարգսյանի «ասուլիսի» վերաբերյալ’

2193

2015թ. դեկտեմբերի 2-ի երեկոյան Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել  հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Ի թիվս այլ պնդումների՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է հետևյալը. «Քանի առիթ է, ասեմ, նախկին ընտրություններում, այսինքն՝ 2013 թվականի նախագահական ընտրություններում, եղել են 30.000 ընտրական իրավունքի սուբյեկտներ: Այսինքն, 30.000 մարդ ունեցել է ընտրությունները վերահսկելու, հսկողություն իրականացնելու գործառույթ: 30.000-ից 14.500-ը ընդդիմադիր էին՝ ներկայացնում էին կուսակցություններ: Նրանք հանձնաժողովի անդամներն են, վստահված անձինք, դիտորդներ և այլն: Այսինքն, 30.000 մարդ կարող էր բողոք բերել: Եվ եթե ետ դառնաս, վերհիշես, կտեսնես, որ ընդամենը մեկ բողոք է եղել: Երբ ասում են՝ ընտրությունները կեղծել են, ասում են՝ այս, այն: Եթե կեղծել ենք ընտրությունները, բա ինչու՞ բողոքներ չկան, ինչու՞ չեն գրանցվում այն խախտումները, որոնք իրենք տեսնում են»:

Նպատակ չունենալով անդրադառնալ այդ հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանի կողից կատարված այլ վիճահարույց պնդումներին` «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (այսուհետ` ԻԵՄ) հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի կատարել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն այն մասին, որ չնայած 2013թ. նախագահական ընտրությունները վերահսկելու հնարավորություն են ունեցել 30.000 անձ,  ընտրությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ներկայացվել է ընդամենը մեկ բողոք: Սա ակնհայտ սուտ է, քանի որ միայն «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 14 դիտորդի կազմով դիտորդական առաքելություն է իրականացրել Արարատի մարզի 14 ընտրատեղամասերում և դիտարկած խախտումների վերաբերյալ ներկայացրել է մի քանի տասնյակ դիմում և բողոք՝ ուղղված տարբեր վարչական և իրավապահ մարմինների, այդ թվում՝ ՀՀ դատարաններ: Դրանցից և ոչ մեկով արդյունավետ քննություն չի իրականացվել:

Մասնավորապես՝ ԻԵՄ-ի դիտորդների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա նախաքննության մարմնների կողմից նյութեր են նախապատրաստվել երկու տասնյակ գործով, որոնցից միայն երկուսով է հարուցվել քրեական գործ: Մյուս հաղորդումների վերաբերյալ քննչական մարմինների կողմից կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Այդ որոշումները բողոքարկվել են նախ ՀՀ դատախազություն, այնուհետև՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Վերջինս մերժման որոշում է կայացրել ներկայացված բոլոր բողոքների առնչությամբ: Այս որոշումները բողոքարկվել են նախ ՀՀ վերաքննիչ, ապա՝ ՀՀ վճռաբեկ դատարաններ: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է բերված բոլոր բողոքները, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը բերված բողոքներից և ոչ մեկը վարույթ չի ընդունել:

Արարատի մարզի 12 տեղամասերում ԻԵՄ-ի դիտորդների կողմից արձանագրած բազմաթիվ ընտրախախտումների վերաբերյալ ԻԵՄ-ը ներկայացրել է բողոք  թիվ 17 (Արարատի մարզի) ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (ԸԸՀ)՝ խնդրելով կազմել վարչական իրավախախտման արձանագրություն և հայց ներկայացնել դատարան: Բոլոր այս դիմումները մերժվել են թիվ 17 ԸԸՀ կողմից: Ներկայացված 12 տեղամասում տեղ գտած բազում ընտրախախտումների վերաբերյալ որևէ փաստ քննության առարկա չի դարձել: ԸԸՀ-ի մերժման մասին որոշման վերաբերյալ բողոք է ներկայացվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ խնդրելով անվավեր ճանաչել ԸԸՀ կողմից կայացված որոշումները: Վերջինս, նույնպես, մերժել է ԻԵՄ-ի բողոքը՝ դիմումատուի պահանջը ոչ հստակ ձևակերպված լինելու հիմնավորմամբ:

Վերոնշյալ հանգամանքների հիման վրա «Իրավունքի Եվրոպա միավորումը» 2 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով բազմաթիվ ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված բողոքների առնչությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած մերժման որոշումները: ՀՀ վարչական դատարանն ամբողջությամբ մերժել է ԻԵՄ-ի հայցերը:

2013թ.  նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով ՀՀ սահմանադրական դատարան դիմած Րաֆֆի Հովհաննիսյանը, ի թիվս այլ փաստարկների, ներկայացրել է նաև «Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ դիտորդների կողմից արձանագրված ընտրախախտումները: Ներկայացված փաստերի հիման վրա  Սահմանադրական դատարանն անվավեր է ճանաչել քվեարկության արդյունքները «ԻԵՄ» կողմից դիտարկված թիվ 17/05 (Արտաշատ) ընտրատեղամասում` առաջարկելով այդ տեղամասի նյութերն ուղարկել դատախազություն:  Չնայած սրան, առ այսօր որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության իրականացված իրավախախտումների համար: Այս բոլոր գործերի փաստաթղթերը թղթային և թվայնացված տարբերակներով գտնվում են մեր տնօրինության տակ:

Խիստ վիճելի է նաև Սերժ Սարգսյանի այն պնդումը, որ 30,000 մարդ (որոնցից 14.500-ը՝ ընդդիմադիր կուսակցություններից, այդ թվում՝ հանձնաժողովի անդամներ, վստահված անձինք, դիտորդներ) հնարավորություն են ունեցել վերահսկելու ընտրական գործընթացները: Ծանոթանալով 2013թ. նախագահական ընտրությունները դիտակարկած տեղական հասարակական կազմակերպությունների ցանկին[1]՝ ակնհայտ է դառնում, որ դրանց զգալի մասը (որոնք, ի դեպ, հանդես են գալիս ամենաբազմամարդ դիտորդական կազմով) հիմնադրվել, ղեկավարվում, իսկ որոշ դեպքերում նաև ֆինանսավորվում են ՀՀԿ անդամների կողմից[2] և այս կամ այն կերպ սատարել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը/վարած քաղաքականությունը[3]: Հարկ է նշել, որ այս կազմակերպություններից որոշները ներգրավված են նաև 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն դիտարկող տեղական հասարակական կազմակերպությունների ցանկում[4]: Ակնհայտ է, որ այս կազմակերպություններն ընգրկվում են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ցանկում ոչ թե ընտրությունների ընթացքում իրականացվող աղաղակող խախտումներն արձանագրելու, այլ նման փաստերը կոծկելու և լեգիտիմ ընտրության իմիտացիա ստեղծելու նպատակով:

«Իրավունքի Եվրոպա միավորում»-ը կոչ է անում Սերժ Սարգսյանին չանել իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ և հերթական անգամ չապակողմնորոշել հանրությանը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

 

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Կարող ենք համարել, որ հաղթել ենք քարոզարշավի առումով’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը’