‘Ինդոնեզիայի մայրաքաղաքի տեղափոխումը Ջակարտայից կսկսվի 2021 թվականին’

1271

Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են երկրի մայրաքաղաքը խիտ բնակեցված Ջակարտայից տեղափոխել մեկ այլ քաղաք 2021 թվականին: Այդ մասին տեղեկացրել է Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարարը:

«Մենք շինարարական աշխատանքները կսկսենք 2021 թ.: Հուսով ենք, որ տեղափոխման գործընթացը կավարտվի մինչև 2024 թվականը»,- նախարարի խոսքն է մեջբերում մամուլը:

Գերատեսչության ղեկավարը ենթադրել է, որ նոր մայրաքաղաքը կհայտնվի երկրի կենտրոնական մասում գտնվող Կալիմանտան կղզում, և տեղափոխման ծախսը կկազմի 32,5 մլրդ դոլար:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ապրիլի վերջին առաջարկել էր տեղափոխել մայրաքաղաքը՝ Ջակարտայի հնացած ենթակառույցների պատճառով: Uber  ընկերության անցկացրած հետազոտությունների արդյունքներով՝ այդ քաղաքում վարորդները խցանումների մեջ են անցկացնում տարեկան 22 օր, ինչն Ասիայում ամենաբարձր ցուցանիշն է: Բացի այդ, Inrix ընկերության զեկույցի համաձայն՝ Ջակարտան աշխարհի ամենածանրաբեռնված մեգապոլիսների վարկանիշում զբաղեցնում է 12-րդ տեղը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մադուրոն իր դեմ մահափորձը գնահատել է 20 մլն դոլար’
Հաջորդ հոդվածը‘Օքսֆորդը բրիտանական համալսարանների պատմության մեջ ամենախոշոր նվիրատվությունն է ստացել’