‘Ինչո՞ւ ԱՄՆ նախագահի թեկնածուները ցեղասպանության մասին չխոսեցին. մեկնաբանում են քաղաքագետները ‘

842

Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների քարոզարշավում հայկական հարցը կարևոր չէր, որովհետև ներքաղաքական առաջնահերթություններն Ամերիկայում ավելի կարևոր են: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ այս անգամ նախընտրական շրջանում թեկնածուներից ոչ ոք չանդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Քաղաքագետը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքին, թե Հայաստանի արտգործնախարարությունն է պատասխանատու այս բացթողման համար:

«Սրանք ամերիկյան ընտրություններ են, վերաբերում էին ամերիկյան առաջնահերթություններին, որոնց վրա ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չէին կարող ազդեցություն ունենալ: ԱՄՆ հայկական համայնքը հիասթափված էր, բայց այդ հարցի կարևորության բացակայությունը հայկական համայնքին ավելի կուժեղացնի, ավելի կհամախմբի, որովհետև քաղաքականապես ոչ ակտիվ ամերիկահայերը կդառնան ավելի ակտիվ»,- նշեց Կիրակոսյանը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ կարծում է, որ Հայոց ցեասպանության հարցի՝ ամերիկյան քարոզարշավի օրակարգում չընդգրկվելը պայմանավորված է ԱՄՆ-ում հայության կշռի թուլացմամբ ու հայտնի ֆուտբոլային դիվանագիտությամբ:

«Ըստ էության՝ եթե նախկինում Հայաստանի և Թուրքիայի միջև կապեր չկային, և դրանց բացակայության պատճառով էլ սփյուռքահայությունը ճնշումներ էր փորձում գործադրել Թուրքիայի վրա, որ Թուրքիայն գնա զիջումների, ապա ֆուտբոլային դիվանագիտությունից հետո Թուրքիան արդեն պատճառաբանում էր նրանով, թե չպիտի խանգարեք, որ ես Հայաստանի հետ բարելավեմ իմ հարաբերությունները, և ցեղասպանության ճանաչման խնդիրն անուղղակիորեն կվնասի այդ գործընթացին»,- iLur.am-ին ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ հայ-թուրքական արձանագրությունները դեռ մահացած չեն, ֆորմալ առումով դրանք գործում են:

Բոզոյանի համոզմամբ՝ դիվանագիտական ճակատում Թուրքիան հաջողության հասավ տխրահռչակ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում, ու Հայաստանը ոչ ճիշտ հաշվարկների պատճառով հայտնվեց այդ թակարդի մեջ:

Նախորդ հոդվածը‘ՉԻ. ՀՀ ԱԳՆ-ն պարտքեր ունի միջազգային կազմակերպություններին ‘
Հաջորդ հոդվածը‘Հետաքրքիր փաստեր ԱՄՆ ընտրություններից. երիտասարդ կինը ծննդաբերական ցավերով շտապել է տեղամաս ‘