‘Ինչու՞ են ադրբեջանցի գերուն հանձնել 3-րդ երկրի. Մամուլ’

1704

Երեկ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ 2012-ի հուլիսին ադրբեջանական բանակից փախուստի դիմած եւ հայկական կողմում հայտնված Ֆիրուզ Ֆարաջեւին հանձնել են 3-րդ երկրի, որտեղ նրան փախստականի կարգավիճակ է շնորհվել: Հանձնումը բացատրել են «Ֆարաջեւի ազատ կամահայտնությամբ, ինչպես նաեւ Ադրբեջանում տիրող բարքերով եւ ռազմագերիներին սպասվող դաժան ճակատագրով»: Հայտարարության շտապողականությունից եւ տոնայնությունից հասկացվեց, որ ադրբեջանական կողմը կամ արդեն հանձնել է, կամ մոտ օրերս պատրաստվում է երրորդ երկիր ուղարկել մեր գերուն՝ Հակոբ Ինջիղուլյանին, եւ մերոնք կանխել են այդ փաստն ու դրա առթիվ սպասվելիք հասարակական արձագանքը: Այս մասին գրում է «Հրապարակը»:

Հիշեցնենք, որ ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում էր.

«

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար պարոն Լ. Կարաֆֆիին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: 

Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ հավատարիմ մնալով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, ցուցաբերելով մարդու իրավունքներին ու մարդասիրական արժեքներին նվիրվածություն, ինչպես նաև հաշվի առնելով Ադրբեջանի նախկին քաղաքացու աներկդիմի որոշումը՝ իրավասու միջազգային կազմակերպության միջոցով վերջինս փոխանցվել է երրորդ երկիր, որտեղ նրան շնորհվել է փախստականի կարգավիճակ:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը խնդրել է ԿԽՄԿ-ին տեղեկացնել փախստականի ծնողներին և հարազատներին, որ նա բարեհաջող կերպով տեղափոխվել է անվտանգ, ապահով, բարեկեցիկ և ժողովրդավար երկիր, որտեղ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Իր երկրում անմարդկային ճնշումների ու խոշտանգումների ենթարկվելու պատճառով Ֆիրուզ Ֆարաջևը 2012թ․ հուլիսին փախուստի էր դիմել ու հատել Հայաստանի սահմանը: Հայաստանում գտնվելու ընթացքում միջազգային մարդասիրական կազմակերպությունները բազմիցս անարգել հանդիպել են նրան: 

Երրորդ երկիր փոխանցելու վերաբերյալ որոշումն ընդունվել է հիմնվելով Ֆարաջևի ազատ կամահայտնության վրա, ուսումնասիրելով փաստական հանգամանքները, ինչպես նաև հստակ պատկերացնելով Ադրբեջանում տիրող բարքերը և ռազմագերիներին սպասվող դաժան ճակատագիրը»:

»

Նախորդ հոդվածը‘Վարչապետը ալիբի ունի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Բեյլը 91 մլն եվրոյով տեղափոխվեց «Ռեալ»’