‘Ինչու օգնություն հայցեցի Աննա Մանյանիից, կամ ընկերոջս` Վաչե Եփրեմյանի հիշատակին’

3378

Շատերին տարօրինակ կթվա (ես հիմա քչերի համար եմ գրում), որ ընկերոջս` Վաչե Եփրեմյանի մահվան բոթը լսելուց հետո «Յութուբ»-ում Աննա Մանյանիի ֆիլմերից հատվածներ սկսեցի դիտել: Ու մինչեւ հիմա դիտում եմ: Գնում եմ, գալիս եմ, նստում եմ, կանգնում եմ, պառկում եմ, սուրճ եմ խմում, հեռախոսով այլ թեմաներից եմ խոսում, ծիծաղում եմ, լաց եմ լինում, եւ Աննա Մանյանիին եմ լսում: Ինքը խոսում է, ես լաց եմ լինում ու ծիծաղում, ինքը երգում է, ես լաց եմ լինում ու ծիծաղում, ինքը լաց է լինում, ես լաց եմ լինում ու ծիծաղում, ինքը ծիծաղում է, ես լաց եմ լինում ու ծիծաղում:

Ի՞նչը տարավ ինձ Աննա Մանյանիի մոտ: Անչափ մեծ, շատ վաղեմի սե՞րս նրա նկատմամբ: Ես անչափ մեծ, վաղեմի սերեր շատ ունեմ:

Չգիտեմ` ինչը տարավ: Գուցե պատմեմ Վաչիկի մասին, ընթացքում հասկանա՞մ: Պատերազմի տարիներին, պատերազմից հետո, երբ Կապանը բզկտված էր ադրբեջանական գրադների հարվածներից, Վաչիկն ու իր եղբայր Ավագը մշակութային թերթ էին հրատարակում աշխարհից խռոված այդ փոքրիկ քաղաքում: Այստեղի՞ց սկսեմ: Թե՞ այնտեղից, որ իրենց հանապազօրյա հացի փողով էին հրատարակում այդ թերթը: Թե՞ այնտեղից սկսեմ, որ ես` մայրաքաղաքի մեծամիտ ու ամբարտավան գրողական աշխարհի մարդս, գնում էի ու աշխարհից մոռացված Կապանում գրականագիտության դոկտոր Վաչիկից ու բանաստեղծ Ավագից էի տեղեկանում Մեծ Գրականության մասին նորույթները: Թե՞ ասեմ, որ մայրաքաղաքում խոշորացույցով կփնտրեիր ու գտնեիր կամ չգտնեիր Վաչիկի նման Մտավորականի: Վաչիկի նման Գրագետի: Վաչիկի նման Գրականագետի:

Վաչիկի նման Ծաղրածուի:

Հեղհեղուկ քաղաքականության մեջ էիր խրված մինչեւ ականջներդ, թե գրական խարդավանքների մեջ, Վաչիկը քեզ թեթեւորեն, աննկատ, առանց ջանքի հանում էր այդտեղից, քո հոգում վաղուց ի վեր կիսամեռ «մոլորակներն» էր վերակենդանացնում ու քեզ ուղեծիր դարձրած` պտտում շուրջդ: Փոքրիկ Իշխա՞ն էր իմ ընկեր Վաչիկը: Չգիտեմ: Ինքն ամենաիմաստուն ԲԱՆ-ն անգամ հեգնանքով էր մատուցում քեզ: Ինքն ուրախ մարդ չէր, բայց քեզ միայն ուրախություն էր պարգեւում: Ինքը մռայլ էր, բայց քեզ զվարճացնում էր ու զվարճացնում: Ինքը մենակ էր, բայց քեզ երբեք մենակ չէր թողնում: Եվ մենք ագահորեն քամում էինք իրենից իր ուրախությունն ու զվարճությունը: Հետո Վաչիկին թողնում էինք իր մենակության հետ ու գնում` նորից խրվում մեր հեղհեղուկ քաղաքականության մեջ, մեր գրական խարդավանքների մեջ, մեր առօրյա, ճղճիմ հոգսերի մեջ: Մեր գորշ «մոլորակի» մեջ:

Օազիս էր Վաչիկը:

Սուտ է, չեմ ընդունում այն մաշված տեսակետը, թե մարդը մեռնում է, հետո են գնահատում նրան: Ով բախտ է ունեցել Վաչիկի ընկերը լինելու, ով վայելել է Վաչիկի բարեկամությունը, ով գիտի Մտավորականի ու Գրագետի արժեքը, ե՛ւ մեծարում էր, ե՛ւ սիրում էր Վաչիկին: Ավելին չէին կարող անել: Եթե անգամ կարող էին, չգիտեին` ինչ անել: Վաչիկն օազիս էր, որ թույլ էր տալիս ծարավդ հագեցնել իր աղբյուրից: Դրանից հետո գնա քո ճամփան:

Իմ ճանաչած Վաչիկն այսպիսին էր: Այսպես եմ տեսել Վաչիկին: Այսպես եմ տեսնում Վաչիկին: Այսպես եմ հիշում եւ հիշելու իմ ընկեր, իմ ախպեր Վաչիկին:

Իսկ թե ինչու Վաչիկի մահն ինձ տարավ Աննա Մանյանիի մոտ, գուցե այս տեսանյութում գտնեք պատասխանը: Ես գտել եմ, բայց չգիտեմ` ձեզ ոնց պատմեմ: Գուցե մի օր կարողանամ:

Աստվածազօծ Երկինքը հենց քեզ նման մարդկանց համար է, Վաչե Եփրեմյան:

Լիզա Ճաղարյան

  

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի ահազանգը. հարկային մարմինները տեռոր են սկսել Սարգսյանին աջակցող գործարարների նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» կարող է թիմ հրավիրել Միխել Վորմին’