‘Ինչպե՞ս են փոխվել ուրբաթ երեկոները 2000-ից հետո’

1327

Փաբերը, գիշերային ակումբները դարձել են այնպիսի վայր, որտեղ հայտնվելով ու չլինելով սեքսուալ կամ երիտասարդ, միևնույն է, կարող եք ձեզ այդպիսին զգալ՝ հենց միայն «այդպիսիների» կողքին գտնվելով: Հնարավոր է՝ դրանք ներկայիս երիտասարդների կյանքի լավագույն տարիներն են, որոնք հետագայում կարող են համարվել «ամենաանիմաստ վատնած տարիներ»:

Ինչևէ, աշխարհի այսօրվա կառուցվածքով՝ ուրբաթ երեկոները դարձել են առանձնակի երևույթ երիտասարդների մեծամասնության և ոչ միայն նրանց համար: Աշխատելով ամբողջ շաբաթ՝ մարդիկ երազում են աշխատանքային շաբաթվա ավարտի մասին, որպեսզի մի լավ զվարճանան ընկերների հետ կամ գուցե առանց նրանց:

Փորձենք տեսնել, թե ինչպես են փոխվել ուրբաթ երեկոները, և ինչն էր նախկինում համարվում «զիլ», իսկ այսօր քչերն են այդ կարծիքի:

Հեռուստացույցի առջև երեկոն լավագույն սցենարներից մեկն էր

«Բազկաթոռին պառկած» երեկոներն այժմ ևս համարվում են մարդկանց կենցաղի մի մասնիկը, բայց հիմա քչերն են պատրաստ խոստովանել,  որ այդպես են անկացնում իրենց ուրբաթ երեկոները: Ո՞վ կնախընտրի հեռուստացույցի ալիքները փոխելիս «բարձրաշխարհիկ երեկույթների» հետաքրքիր «փարթիների» մասին հաղորդումներ տեսնել, երբ կարող է դրանց անմիջական մասնակիցը դառնալ՝ ոչ շատ մեծ գումար ծախսելով:

Մարդիկ ցանկանում են ինչ-որ կարևոր բանի մասնիկ դառնալ, «ինչ-որ կարևոր բան փոխել» կամ գոնե դրա տեսիլքը ստեղծել և ներգրավվել դրա մեջ: Բացի այդ՝ համակարգիչներն ու այլ սարքավորումները թույլ են տալիս, որպեսզի ինքդ ընտրես, թե ինչ ես ցանկանում դիտել:

Ոչ մի քաղաքական քննարկում սոցիալական կայքերում

15 տարի առաջ դժվար էր պատկերացնել, թե որևէ դպրոցական երեխա կարող է մասնակցել որևէ սոցիալան կամ քաղաքական պայքարի՝ «150 դրամ», «Նախագահական ընտրություններ» և այլն, ընդ որում՝ այդ դաշտերն այն ժամանակ որևէ կերպ ավելի մաքուր չէր կարելի համարել: Մեր երկրի օրինակով՝ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո զանգվածային ակցիաներ և այլ գործողություններ տեղի չունեցան: Բանակում սպանություններն ավելի քիչ չէին և այլն.. Իհարկե, այս երևույթների ի հայտ գալը կարելի է վերագրել գիտակից քաղաքական հասարակության ձևավորմանը, բայց հնարավոր է՝ պատճառն այն է, որ 2000-ականներից առաջ նման որևէ երևույթ չէր լուսաբանվում, կամ պարզապես այն ժամանակ դա մոդայիկ չէր: Այժմ «Աստծո կողմից պարգևված հանգստյան» առաջին օրը հաճախ օգտագործվում է սոցիալական կայքերում, նաև բազմաթիվ ինտերնետային կայքերի ֆորումներում ( խոսքը ավելի շատ վերաբերվում է արտասահմանյան երկրներին) քննարկումների կամ բանավեճների վրա: նման քննարկումներ ծավալողների սակավ մասն է մասնակցություն ունենում «ինչ-որ բան փոխելու» իրականացմանը:

Կարելի էր պարզապես քնել աշխատանքային շաբաթվանից հետո՝ չմտածելով, թե ինչեր ես բաց թողնում նույն այդ ժամերին

Ինչպես և առաջին կետում, այս դեպքում ևս աշխատում է «ինչ-որ կարևոր բան բաց թողնելու» տարբերակը: Կարելի էր կարդալ, կարելի էր քնել և այլ բաներով զբաղվել և չմածել այն մասին, որ բաց ես թողնում կարևոր մարդկային հաղորդակցությունների մասնիկը դառնալու հնարավորությունը: Այժմ Youtube-ներն ու այլ կայքեր բոլորին հնարավորություն են ընձեռում մեկ րոպեով, մեկ օրով, մեկ շաբաթով «աստղ» զգալ: 2000-ից առաջ յուրաքանչյուրն ուներ իր ընկերները, իր շրջապատը և բավարարվում էր նրանց մոտ ինքարտահայտմամբ, իհարկե, կային նաև աստղերի, հարուստների, քաղաքականության և այլ մարդկանց մասին խոսակցություններ, բայց մարդիկ շատ ավելի քիչ էին ձգտում այդ ամենի մասնիկը դառնալ: Մինչդեռ այդ ամենից հեռու մնալով՝ ինչի՞ մասնիկը կարող ես համարվել:

Ուրիշի բազմոցին արթնանալը շատ ավելի քիչ հանդիպող երևույթ էր

Շարունակելով քնելու թեման. արթնանալ նույն օրը ծանոթացած մարդկանց տանը՝ նշանակում է, որ մենք հեշտ շփվող, հեշտ հարաբերություններ ձևավորող, վստահելի անձինք ենք: Այն ժամանակ սեփական անկողնում արթնանալու «հաջողությունը» անգերագնահատելի էր:

Ընտանեկան և այլ երեկոներին արված լուսանկարները տեղակայվում էին ընտանեկան ալբոմում

Արդեն իսկ բարդ է դարձել բացատրել նոր սերնդին, թե ինչու 20-ից մեծ երիտասարդները փոքր տարիքի լուսանկարներ չունեն:

Աշխատանքային շաբաթվանից հետո կազմակերպված երեկոների ընթացքում արված լուսանկարները առանց որևէ խնդրի հայտնվում էին ընտանեկան ֆոտոալբոմներում, որովհետև հենց այդ պատճառով էլ մարդիկ լուսանկարվում էին: Իսկ այժմ Instagram-ները, Facebook-ները և Twitter-ները պահանջում են «լավ կյանքի» ակնթարթները կանոնավոր կերպով տեղադրել անմիջապես:

Պարելն այդքան հարցադրումներ չէր առաջացնում

Ինչ-որ մեկը հրավիրում է պարելու, դու կամ համաձայնում ես, կամ հրաժարվում, իսկ պարելու ընթացքում այդքան չես մտածում, թե ովքեր և ինչպես են նայում քո կոնքերի շարժումներին, ժամանակակից պարային հնարքներին կամ Twerk-ին. և կրկին, դու պարում էիր քո և դիմացինիդ համար: Այս ամենը, իհարկե, մեր օրերի մասին չէ:

Յուրաքանչյուրը կարող է ավելացնել կամ նվազեցնել մեր ցանկում նշված կետերը յուրովի: Բարի ուրբաթ երեկո ձեզ, և իհարկե, տոնեք մերոնց ֆուտբոլային հաղթանակը փաբերում, կամ տանը.. եթե այն, իհարկե, կայանա:

Նախորդ հոդվածը‘Շահան Քանդահարյան. Հալեպում ապրող հայերը ծանր վիճակում են’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով Երևանում’