‘Ինչպես եւ ինչի համար չպետք է վճարել վճարովի ավտոկայանատեղիի համար’

2660

Hetq.am-ը նոր նյութ է հրապարակել` վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ: Կայքը հիշեցնում է, որ շուրջ մեկ ամիս առաջ հանդես էին եկել հրապարակմամբ, ուր բացահայտել էին Երևանում վճարովի ավտոկայանատեղիների շուրջ ապօրինությունների մի ռեկորդային ցանկ:

Բանն այն է, որ հարցի շուրջ իրավական դաշտը այնքան թույլ է, որ նշանակված տեղական տուրքը կարելի է չվճարել:

Այսպիսով`

1. ՀԴՄ չե՞ս տալիս – չեմ վճարում

Այսպիսով, ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի. «Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաև, պահանջելու դեպքում, տուրք վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն»:

Սակայն, ի հեճուկս օրենքի, ուղարկված SMS-ի դիմաց վարորդներին ոչ ոք անդորրագիր չի տալիս:

2. Ի՞նչ իրավունքով են նկարում

Համաձայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասի» ՀՀ օրենքի, տեսախցիկներով խախտումներ արձանագրելու և դրանցով տուգանքներ նշանակելու իրավունք ունի միայն ճանապարհային ոստիկանությանը:

Հետևաբար, այլոց կողմից տեսախցիկներով հավաքված ապացույցները ապօրինի կերպով ձեռք բերված ապացույցներ են:

3. Ես այդ ժամին չեմ կանգնել

Կայանված մեքենաները նկարահանող տեսախցիկները չեն անցել սերտիֆիկացիա: Հետևաբար, որևէ հիմք չկա վստահելու իրենց ժամացույցին: Եթե ձեզ մեղադրեն, որ որևէ օր, որևէ ժամի կանգնել եք առանց հարկը վճարելու, կարող եք հանգիստ պնդել, որ կանգնել եք այլ օր ու այլ ժամի (երբ  հարկը վճարել էիք):

Համարյա անհնար կլինի ապացուցել, որ դուք հենց այդ օրը, հենց այդ ժամին եք կանգնել:

4. ՍՊԸ-ն ո՞վ է, որ քաղաքացիներին տուգանի

Համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 219.1 հոդվածի, վճարովի կայանատեղիում կայանած և տուրքը չվճարած վարորդին պետք է տուգանի տեղական ինքնակառավարման մարմինը (Երևանի քաղաքապետարանը): Բայց քաղաքապետարանի չարաբաստիկ որոշման համաձայն խախտման արձանագրություն կազմողը մասնավոր ընկերություն է:

Եթե ստանաք տուգանքի նշանակման որոշում, որը կազմված կլինի որևէ ՍՊԸ-ում, ապա կարող եք հանգիստ նետել այն աղբամանը ու մոռանալ այդ մասին, կամ…

5. ՍՊԸ-ն ձեր տեղը չգիտի

Համաձայն ճանապարհային ոստիկանության պետի` Ձեր խոնարհ ծառային ուղարկած գրության և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի` ՍՊԸ-ն չի կարող ունենալ ՀՀ-ում հաշվառված մեքենաների սեփականատերերի մասին տեղեկություններ: Իսկ քաղաքապետարանը ունի միայն Երևանում հաշվառվածների մասին տեղեկությունները, սակայն չի կարող տրաամդրել դրենք ՍՊԸ-ին:

Ուստի, եթե ՍՊԸ-ից ձեզ տուգանելու մասին որոշում ստանաք, ապա մի նետեք այն, դիմեք դատախազություն, որ պարզեն, թե ՍՊԸ-ին որտեղի՞ց ձեր հասցեն ու անուն-ազգանունը:

Մեկնաբանություններն ավելորդ են…

Հ.Գ. Սեպտեմբերի 1-ին Ձեր խոնարհ ծառան միտումնավոր կանգնել է կարմիր գծանշման կողքին, ոչինչ չի վճարել և ԱՆՀԱՄԲԵՐ սպասում է նամակին: 

Դանիել Իոանեսյան

www.Hetq.am  

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Հրաչյա Հարությունյանը ընդունել է մեղքը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Հայաստանը կատարել է ճակատագրական ընտրություն. Տեսանյութ’