‘Լեւոն Զուրաբյան. Հայաստանը կատարել է ճակատագրական ընտրություն. Տեսանյութ’

1410

«Դուք գիտե՞ք`ինչ է Մաքսային միությունը, կամ Ասոցացման պայմանագիրը, ԽՀԱԱԳ պայմանագիրը: Պրոբլեմը սա է, որ իրականում մարդիկ դատողություններ են անում գործընթացների մասին, բայց բացարձակապես պատկերացնում չունեն ոչ դրանք էության, ոչ ստորագրման հետեւանքների մասին»,- այսօր Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Վերջինս մեղադրանք ներկայացրեց իշխանություններին`արտաքին քաղաքականության մեջ վարած քաղաքականության պատճառով` նշելով, որ Հայաստանը կատարել է ճակատագրական ընտրություն, ինչի վերաբերյալ, ժողովրդին, ԱԺ քաղաքական ուժերին ոչինչ չի ասվում: Զուրաբյանը նշեց, որ ոչ մի բովանդակային խնդիր չի քննարկվել. 4 տարի բանակցել են եվրոասոցացման պայմանագրի շուրջ, ծախսել են մեծ փողեր, պաշտոնյաները ասում էին, թե մենք շատ լուրջ դիվիդենտներ կքաղենք, արթնացրել են ինչ-որ հույսեր, իսկ հետո մի հանդիպման ժամանակ պարզվում է, որ իրականում այդ ամբողջ ծրագիրը հակասության մեջ է մտել Ռուսաստանի շահերի հետ, մեզ սպառնում է անվտանգության հարցով, կարող էր անդրադառնալ Ղարաբաղի վրա եւ 180 աստիճաով փոխվում է Հայաստանի ընթացքը:

Հարցին, թե արդյո՞ք ինքը բացառվում է, որ այս ամենից հետո Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի, Զուրաբյանը պատասխանեց, որ ոչ թե ինքն է բացառում, այլ եվրոպական չինովնիկներն են հայտարարել անհամատեղելիության մասին: «Ասոցացման պայմանագրի ողջ էությունը ԽՀԱԱԳ-ն է, առանց դրա Ասոցացման պայմանագիրը ոչ մի բովանդակ չունի:

Եւ ֆյուլեն, եւ Հրիստեան ասել են անձամբ ինձ դրա մասին»,- նշել է Զուրաբյանը:

Վերջինս նաեւ նշել է, որ կասկածում է այն մարդկանց վրա, ովքեր առանց փաստաթղթերը տեսնելու երկու ձեռքով կողմ են արտահատվում դրանց ստորագրմանը: Զուրաբյանը հավելել է, որ եթե դու ինչ-որ բան չիմանալով արդեն կողմ ես արտահայտվում, նշանակում է` ունես կանխակալ մոտեցում, որը թելադրված է պետական շահի հետ որեւէ առնչություն չունեցող այլ գերտերությունների հետ առնչություններով:

«Օրինակ` եթե մենք լինեինք որոշում ընդունողը, նախ մենք կուսումնասիրեինք եւ ԵՄ-ի եւ ՄՄ-ի առաջարկը, դետալական վերլուծություններ կկատարեինք»,- նշել է Զուրաբյանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ վաղը Աժ-ում փակ ֆորմատով հանդիպում կլինի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որտեղ պատգամավորներին ինչ-որ բաներ կներկայացնեն: «Բայց դա չպետք է լինի փակ ու այդպես հապշտապ»,- հավելել է Զուրաբյանը:  

 

 

Նախորդ հոդվածը‘Ինչպես եւ ինչի համար չպետք է վճարել վճարովի ավտոկայանատեղիի համար’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրն այլևս դուրս է գալիս օրակարգից’