‘Ինչպես է ԵՊՀ-ն կեղծում պատմությունը ‘

7590

Ի՞նչ եք կարծում` ինչպես են թուրքական եւ ադրբեջանական դպրոցական եւ բուհական դասագրքերում ներկայացված Հայոց Ցեղասպանությունը կամ Սումգայիթի կոտորածները: Եթե առիթ ունեցել եք կարդալու, ապա կարող եք այն համեմատել ստորեւ ներկայացվելիք տեքստի հետ, եթե ոչ, ապա, կասկած չունենաք, որ այն էականորեն կարող է տարբերվել ստորեւ ներկայացվելիք տեքստից:

Իսկ ստորեւ ներկայացված է Բարձրագույն ուսումնական հաստատությունների համար 2012-ին լույս տեսած Հայոց Պատմություն դասագրքից մի հատված, որտեղ ներկայացված են 2008 թվականի նախագահական ընտրություններն ու հետընտրական շրջանը, մասնավորապես՝ մարտիմեկյան սպանդը: Այս դասագրքերով են մեր ուսանողները «սովորում» եւ «սերտում», թե ինչ է եղել 2008-ին, ինչպես են անցել նախագահական ընտրությունները, եւ ինչ է եղել այն ժամանակ, երբ ժողովուրդը դուրս է եկել կեղծված ընտրությունների դեմ բողոքելու:

2008-ին վերաբերող 4-րդ գլխի հեղինակը, պատկերացրեք, հայ է: ՀՀ քաղաքացի: Ավելին, նա ղեկավարում է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: Նա այդ ֆակուլտետի դեկանն է` Էդիկ Մինասյանը: 

 Մինասյանն այն մարդն է, ով երեկ իր դեկանատի մի քանի աշխատկիցների հետ միասին հարձակվել է «Հակահարված» art խմբի տղաների վրա, բայց իրականում՝ ոչ այն պատճառով, որ տղաները իրենց ակցիայով դաս են խանգարել (այդ պարագայում նա ուղղակի կհրավիրեր իրավապահ մարմինների ներկայացուցիչներին), այլ որովհետեւ տղաները քաղաքական տեքստ էին հղում ուսանողներին, կոչ անում նրանց ընդդիմանալ ռեժիմին: Այն ռեժիմին, որին պարոն Մինասյանը Հայոց պատմության դասագրքում Ձոներ էր ձոնում:

Ահա մի հատված դասագրքից: Վայելեք:

 

«Սերժ Սարգսյանը (52, 82 %) ձայնով, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացավ (21, 51%) ձայն: Ընտրությունները դիտարկող մի շարք երկրների ներկայացուցիչներ արձանագրել էին առանձին, ոչ էական խախտումներ ու թերություններ։ ԵԽԽՎ   1609 բանաձևում արձանագրվել էր, որ չնայած դրան, ընտրությունները հիմնականում անցկացվել են «Եվրոպայի խորհրդի չափանիշների համաձայն»։

Կոպտորեն մերժելով ընտրությունների արդյունքները, ընդդիմության արմատական թևը, իշխանությունների ամենաթողության պայմաններում արհամարհանքով խախտելով օրենքով սահմանված կարգը, փետրվարի 20-ից Երեւանում սկսեց հանրահավաքների շարք: Հետընտրական այդ օրերին ավելի լարվեց  ու շիկացավ նախընտրական քարոզչության փուլում ձևավորված մթնոլորտը, որի պայմաններում մեծապես խորացել էր անհանդուրժողականությունն ու անվստահությունը տարբեր խավերի ու խմբերի միջեւ, հասարակությունը երկփեղկվել և բեւեռացել էր վախի, ատելության ու թշնամանքի ազդակների ներքո։ Ընտրություններում հաղթած Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին նախագահի մյուս թեկնածուներին համագործակցության կոչ արեց, իսկ փետրվարի 29-ին քաղաքական համագործակցության համաձայնագիր ստորագրեց նախագահական ընտրություններում երրորդ տեղ գրաված թեկնածուի հետ։

Օրինապես նախագահ ընտրված, բայց դեռ երդում չտված, դեռ պաշտոնի չանցած Ս. Սարգսյանի շուրջ նախագահի մի քանի թեկնածուների և նրանց կողմնակիցների համախմբումն ու համագործակցությունը Լ. Տեր-Պետրոսյանի թիմում ընդունվեց զայրույթով ու թշնամանքով։ Առավել սրվեցին արմատական տրամադրությունները։ Բոլոր քաղաքական ուժերին Ս. Սարգսյանի ուղղած համագործակցության կոչը Լ. Տեր-Պետրոսյանի կողմից մերժվեց։ Հետընտրական լարվածության այս պայմաններում վերջինիս կողմնակիցների գործողությունները դեռևս գործող նախագահ  Ռ. Քոչարյանը որակեց «իշխանությունը զավթելու ոչ լեգիտիմ փորձ» և հայտարարեց, որ պատասխանը կլինի «վճռական եւ կտրուկ»: Իսկ արմատական ընդդիմության բողոքի գանգվածային գործողությունները շարունակվում էին։  10 օրերի ընթացքում ընդդիմության կազմակերպած չարտոնված հանրահավաքները     վերջնականապես ապակայունացրին իրավիճակը ողջ երկրում։

Առաջացած անվստահության մթնոլորտում արմատական գործելաոճ որդեգրած Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների արհամարհանքին էին հանդիպում տարբեր հասարակական կազմակերպությունների, արվեստի ու գիտության գործիչների, հայոց կաթողիկոսի հանդուրժողականության կոչերն ու հայտարարությունները։ Հայաստանյաց Աոաքելական եկեղեցու թեմակալ աոաջնորդների և եպիսկոպոսների փետրվարի 29-֊ի ժողովը ուղերձ հղեց ժողովրդին` հորդորելով պահպանել ողջամտության ու խոհեմության ոգին, լինել օրինապահ, չհետևել ատելություն և թշնամանք հրահրողներին, յուրաքանչյուր քայլ կատարել երկրի հեղինակության, նրա ժողովրդի ներկայի և ապագայի հանդեպ լուրջ մտահոգությամբ:

Բայց ընդդիմադիրները, արհամարհելով բոլոր խորհուրդները` «հմտորեն» օգտագործեցին ստեղծված իրավիճակը։ Նախընտրական և հետընտրական ժամանակահատվածների քարոզչության համադրումը ցույց էր տալիս, որ նախընտրական քարոզչությունն ու քվեարկության օրր նրանց հնչեցվող հայտարարություններն ու գործողությունները միտված էին հետընտրական ամենավատթար զարգացումների։ Փետրվարի 20-֊29–ին Ազատության հրապարակում հնչող քարոզչության մեջ հստակ առանձնանում էին իշխանությունների կողմից «ժողովրդի վրա բռնության», ընտրակեղծիքների, «ժողովրդի թեկնածուի» տարած հաղթանակին տեր կանգնելու, գործող իշխանության նկատմամբ մինչև վերջ անհանդուրժող լինելու կարգախոսներ։ Զանգվածների հուզական տրամադրությունն ավելի  սրելու համար Լևոն-Տեր Պետրոսյանն ու նրա կողմնակիցները անում էին «իշխանավորներին պատժելու» զանազան հայտարարություններ. «Եթե մեր ներկայացված պահանջները չկատարվեն ժամանակին, մենք կանենք այն, ինչ պետք է անենք», «որևէ մեկը չի կարող մեզ կանգնեցնել, «ժողովուրդն ինքը պետք է կամք ունենա պատժելու հանցագործներին»։

Հակադիր մղումների այս պայմաններում հասարակությունր լարվածության նորանոր վտանգավոր դրսևորումներ էր ունենում: Հետընտրական այղ շրջանը շատ քաղաքագետներ որակեցին որպես «իշխանության և ընդդիմության միջև նյարդերի պայքար»: Այս իրավիճակում ԶԼՄ-ներր շարունակում էին տալ բևեռացված մեկնաբանություններ։

Ակնհայտ էր, որ գերլարված այս վիճակը պետք է հաղթահարվեր խաղաղ ճանապարհով՝  իշխանության ու ընդդիմության միջեւ հանդուրժողականության ու փոխհամաձայնության միջոցներ գտնելով, բայց իշխանության և ընդդիմության փոխադարձ անհանդուրժողականությունը և փոխզիջման որոնման անհնարինությունը հանգեցրին մարտի 1-2-ին ծավալված դեպքերին։

Մարտի 1-ի առավոտյան ՀՀ ոստիկանության կողմից տեղանքի զննման և հասարակական կարգի պահպանման նպատակով Ազատության հրապարակում ձեռնարկված միջոցառմանը զանգվածային անկարգությունների կազմակերպիչներն ու մասնակիցները պատասխանեցին դիմադրությամբ՝ երկաթե ձողերով, քարերով ու փայտերով։ Շուտով բողոքող զանգվածը տեղափոխվեց քաղաքապետարանի մոտ, ուր գործողությունները զարգանալով՝ կեսօրից հետո վերածվեցին ջարդարարության ու թալանի։

Անկարգությունների ղեկավարի և կազմակերպիչների կոչերով ամբոխը սկսեց ավերներ գործել։ Ջարդուփշուր արվեցին անձնական օգտագործման շուրջ 100 ավտոմեքենա, ավտոբուսներ, տրոլեյբուսներ, ավերվեց մերձակայքում գտնվող «Մոսկվայի տունը», «Վիվասել» ընկերության վարչական շենքը, կողոպտվեցին խանութներ և գրասենյակներ։ Ավելին, ցուցարարները սկսեցին հարձակումներ գործել ոստիկանների վրա։  Բախումների ընթացքում երկուստեք օգտագործվեց հրազեն, որի արդյունքում զոհվեց 10 հոգի՝ ոստիկանության երկու աշխատող և ութ քաղաքացիական անձ։ Ծավալված իրադարձությունների ընթացքում վիրավորվեց ոստիկանության 220 աշխատակից, 200-ից ավելի քաղաքացիական անձինք։ Զանգվածային անկարգությունները շարունակվեցին նաև մարտի 2-ին։

Մարտի 1-ի երեկոյան ՀՀ դեռևս գործող նախադահ Ռ. Քոչարյանի հրամանագրով Երևան քաղաքում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն` Սահմանադրական կարգին սպառնացող վտանգները կանխելու, բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով։ Ակնհայտ է, որ դա պարտադրված քայլ էր, միակ ելքր՝ իրավիճակից դուրս գալու։ Հրամանագրում նշվում էր, «ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցներր շարունակում են վիճարկել ընտրությունների ելքն ապօրինի միջոցներով։ Ընդդիմության ներկայացուցիչների մի խումբ մարտի 1-ին անկարգություններ են իրականացրել Երևանի կենտրոնում՝ պատճառելով վնաս քաղաքացիների և պետության գույքին, ինչպես նաև ստեղծելով ուղղակի սպառնալիք քաղաքացիների անվտանգությանը, ինչը վիճակը դարձնում է անվերահսկելի։ Այդ գործողությունների թիրախր ՀՀ ձեռք բերած կայունությունն է, իսկ հետևանքը՝ միջազգային հեղինակության խաթարումը»։ Իհարկե, եթե հրամանագիրն ավելի վաղ հայտարարվեր, երբ տեղի էին ունեցել առաջին կրակոցներն ու մահվան դեպքերը, գուցե հնարավոր լիներ խուսափել ծանր հետևանքներից։

Սպանված անձանց գործի քննության համար հարուցվեց քրեական գործ։ Անկարգությունների կազմակերպիչներին, հրահրիչներին պատասխանատվության ենթարկելու համար կատարվեցին ձերբակալություններ և բանտարկություններ։

Դեռևս ՀՀ նախագահի պաշտոնը չստանձնած հանրապետության վարչապետ Ս. Սարգսյանը, անդրադառնալով ողբերգական իրադարձություններին, ասել է, որ ընդդիմադիրների անօրինական գործողությունների հետևանքով, այսպես կոչված «շարժման» պարագլուխները հասարակական կարգը պահպանողներին ու սեփական աջակիցներին դարձրին իրենց անհագուրդ նկրտումների պարպման թիրախ։ Այդ ամենի համար անկարգությունների կազմակերպիչներն ու հրահրողները դեռ պատասխան պիտի տան օրենքի, պատմության և սերունդների առաջ։ Ցավով եմ նշում, որ մեր հայրենակիցները դարձան որոշ մարդկանց կույր ատելության զոհը։ Այսօր ես կիսում եմ յուրաքանչյուրի վիշտն ու բոլորիդ մաղթում եմ կամք, ուժ ու հոգեկան կորով` այս արհավիրքը հաղթահարելու համար»»։ 

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Ամուսնուն և սիրեկանին դաժանաբար սպանած կինը ցմահ ազատազրկման է դատապարտվել’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Ցանկացած քաղաքական ուժի հետ, ցանկացած օրակարգով պատրաստ ենք հանդիպել’