‘Ինչպես կանխել ընտրական «կարուսելը». ՀԱԿ-ում գտել են ձեւը’

1476

Հայ ազգային Կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ընտրությունների հարցում փոփոխություններ անելու օրենսդրական փաթեթը եւ տեղեկացրել, որ իրենք իրենց փաթեթում գտել են ընտրական «կարուսելը» կանխելու ձեւը: Օրենսդրական նախաձեռնության փաթեթում Կոնգրեսը առաջարկում է, որ քվեաթերթիկները այլեւս չունենան խիստ հաշվառման կարգավիճակ, համարակալում, ելունդներ, այլ լինի սահմանված կարգի մի քվեաթերթիկ, որը ուղղակի ազատորեն դրված է լինելու տեղամասում եւ քվեախցիկներում, որեւէ վերահսկողություն քվեաթերթիկների նկատմամբ չի իրականցվելու: Փոխարենը, ըստ առաջարկի, խիստ հաշվառման փաստաթուղթ է դառնալու է միայն ծրարը` որը կունենա ելունդ եւ համարակալում: 

«Քաղաքացին ստանալու է ծրար, որով մտնելու է քվեախուց, եւ իր խնդիրը միայն կլինի քվեարկել` օգտագործելով քվեաթերթիկը, դնել այդ ծրարի մեջ: Ծրարների ելունդները, բնականաբար, առանձնացվում են, եւ ծրարը նետում են քվեատուփի մեջ: Վավեր կհամարվեն միայն այն ծրարները, որտեղ կա միայն մեկ քվեարկված թերթիկ: Նման մեխանիզմի կիրառումը մի կողմից հաստատում է անհրաժեշտ վերահկողություն, այսինքն, այն, ինչ կատարվում է ծրարի հետ, բոլորը տեսնում են, բայց մյուս կողմից արդեն ոչ ոք չի կարող վերահսկել, թե ինչպես է քվեարկել քաղաքացին, եթե անգամ պահանջեն դատարկ թերթիկ դուրս հանել, քաղաքացին կարող է հանել», — նշեց Զուրաբյանը:
Նա նշեց, որ սա հնարավորություն կտա քաղաքացուն ազատ ընտրություն կատարել, քանի որ այս դեպքում, անգամ եթե նրան ստիպեն իր հետ քվեախուց մտցնել քվեարկված քվեաթերթիկ, նա դա կարող է հանգիստ փոխել, ծրարի մեջ դնել իր կողմից քվեարկված թերթիկը, իսկ անհրաժեշտության դեպքում էլ` «կարուսելի» կազմակերպչի համար դուրս հանել դատարկ թերթիկ, ինչը, սակայն, որեւէ ազդեցություն չի ունենալու իր քվեարկության վրա: Հիշեցնենք, որ ներկայում, «կարուսելի» դեպքում, մարդիկ կամ ստիպված են լինում քվեատուփ նետել նախօրոք քվեարկած թերթիկը, որպեսզի հնարավորություն ունենան դուրս հանել դատարկ թերթիկը, կամ էլ` լավագույն դեպքում նախապես քվեարկած քվեաթերթիկը անվավեր դարձնել:

Լեւոն Զուրաբյանը պատասխանեց նաև լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, թե իր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ տարաձայնություններ կան:

«Մենք Կենտրոնական շտաբի անդամներ ենք: Եւ ես չգիտեմ շտաբի երկու անդամ, որոնք այս 5 տարվա մեջ իրար հետ հակասություն չեն ունեցել այս կամ այն հարցում: Մենք հակասություններ ենք ունեցել Ավետիս Ավագյանի հետ, Դավիթ Մաթեւոսյանի հետ, Գագիկ Ջհանգիրյանի հետ, Մանուշակ Պետրոսյանի հետ, անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Բայց հակասությունը շարժիչ ուժ է, եթե հակասություններ չլինեին, մենք առաջընթաց չէինք ունենա», — նշեց Զուրաբյանը: Նա նաեւ հավելեց, որ եթե անգամ իրենք տարբեր հարցերում ունեն տարբեր դիրքորոշումներ, միեւնույն է` պահպանում են փայլուն անձնական հարաբերություններ, գործում է փայլուն թիմային մթնոլորտ»: 
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, ի վերջո, ո՞վ է Կոնգրեսում հավակնում լինել առաջին նախագահի ժառանգորդը` Լեւոն Զուրաբյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան՝ Զուրաբյանը հիշեցրեց ԱԺ ընտրություններից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հարցազրույցը, որտեղ վերջինս ասել էր, թե քաղաքական կտակ չի գրում, քանի որ չի պատրաստվում մահանալ:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ուղերձ է հղել Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներին ‘
Հաջորդ հոդվածը‘Վա՜յ ԱՄՆ-ին, եթե նրա հույսը այս «հերոսներն» են ‘