‘Ինչ կարելի է Յուպիտերին (ՌԴ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններին), չի կարելի ցուլին (Լեհաստանի դեսպանին)’

1855

Հայաստանի դիվանագիտական կորպուսի պատասխանատուները` ի դեմս ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի և նախարար Էդվարդ Նալբանդյանի, երկու օր է՝ իրար հերթ չտալով՝ արձագանքում են Հայաստանում Լեհաստանի դեսպանի հարցազրույցին:

Դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ՀԺ-ի հետ հարցազրույցում բավականին սուր քննադատության էր ենթարկել ՀՀ իշխանություններին: Իր հարցազրույցում դեսպանը, մասնավորապես, ասել էր. «Սեփական երկրի համար պատասխանատվության զգացողությունը պետք է բոլորին պատասխանատվության տանի ոչ միայն սեփական տեղամասի համար: Ես կարծում եմ, որ անկախությունից հետո Հայաստանի համար ամեն ինչ չէ, որ հարթ է եղել: Սպանությունները, որոնք, ասում են, քաղաքական մոտիվացիաներ ունեին, միշտ չէ որ, մեղմ ասած, բացահայտվել են: Վերցրեք 2008թ. իրադարձությունները: Ոչ ոք պատասխան չտվեց: Ամենաթողության մթնոլորտը կարող էր ինչոր մեկին դրդել, որ կարելի է կրակել: Ահա, քաղաքականության մեջ ոչինչ չի առաջանում ոչնչից: Քաղաքականության մեջ, ինչպես հղիությունն է, ոչինչ չի կորչում, դա պետք է իր արդյունքը տա: Քաղաքական գործիչը չի կարող խուսափել պատասխանատվությունից իր գործունեության համար, և ոչ թե այնտեղ, հեռավոր աշխարհում, այլ՝ այստեղ: Խոսք կա՝ «կմախքներ պահարանում»: Միայն անհեռատես քաղաքական գործիչներն են կարծում, որ կարելի է թաքցնել այդ կմախքները: Ես հուսով եմ, որ ցավալի իրադարձությունը չի ազդի ոչ ընտրությունների արդյունքների, ոչ էլ քարոզարշավի վրա: Բայց մի բան փաստ է՝ տոնն արդեն փչացված է»:

Դե մերոնք էլ, ըստ ամենայնի, հիշելով, որ իրենք պետություն ու պետականություն են ներկայացնում, որոշել են արձագանքել: Արձագանքել են: Լավ են արել: Բայց:

Խնդիրն այն չէ, թե ինչո՞ւ են մեր ԱԳՆ ներկայացուցիչները արձագանքել Լեհաստանի դեսպանին, այլ այն, թե ինչո՞ւ են մեր ԱԳՆ ներկայացուցիչները արձագանքում ընտրովի: Լեհաստանի դեսպանին արձագանքում են, սակայն մինչ այդ պարբերաբար նմանատիպ հայտարարություններ անող ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիայի դեսպաններին` ոչ: Մի՞թե մերոնք էլ են կարծում, որ այն, ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի ցուլին: Ասել է թե` այն, ինչ կարելի է ԱՄՆ, ՌԴ և Մեծ Բրիտանիայի դեսպաններին, չի կարելի Լեհաստանի դեսպանի՞ն: Մի՞թե Լեհաստանի դեսպանն ավելի շատ է խախտել դիվանագիտական լիազորություններն ու էթիկետը, քան մյուս դեսպանները: Իհարկե ոչ: Այդ դեպքում, ինչո՞ւ  կամ ինչպե՞ս է որոշվել, որ առաջինները կարող են խոսել Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին, տալ գնահատականներ, իսկ` վերջինը` ոչ: Եթե ՀՀ ԱԳՆ-ն պետականության շահերով է առաջնորդվում, ուրեմն՝ նրա համար պետք է միևնույն լինի, թե որ երկրի դեսպանն է մեր ներքաղաքական զարգացումների մասին գնահատականներ տալիս, բոլորին էլ հավասարապես պետք է արձագանքեն: Իսկ եթե դա անում են ընտրովի, նշանակում է, որ առաջնորդվում են, ոչ թե պետականության, այլ` ՀՀ իշխանությունների անձնական շահերից ելնելով:

Իսկ ի՞նչ էր կարելի Յուպիտերին, որը չէր կարելի ցուլին:

Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչ.

«Բայց նաև ցավում ենք, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չի գալիս այս ընտրություններին  և որևէ մեկին չի աջակցում: Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրնե՞րը, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը, կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում: Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք «ոչ այն ձիու» վրա դնեն խաղադրույքը: …Բայց տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները  արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի և գործընկերների վստահությունը վերականգնելը: Արդյո՞ք սա տեղի կունենա:

…Հասարակության կողմից վստահության և աջակցության բացակայությունը 

ներկայացնում է արդարադատության համակարգի արդյունավետության աստիճանը: Այնպես որ՝ կայացման այս դժվարին պայմաններում անհրաժեշտ է մտածել պետական կառույցների աշխատանքի ձևի և որակի ապահովման մասին:  Հայաստանի վերջին մի քանի դեպքերը զարմանք ու հարցեր են առաջացրել ոչ միայն եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների, այլև հասարակության մեջ (օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հետ կապված գործը): Իսկ ամենաթարմը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեպքն է»:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկո.

«Ոչ ոք բռնի ուժով Ռուսաստան չի տանում: Երկրից մեկնելու խնդրի պատասխանը պետք է այլ տեղում փնտրել: Արդյո՞ք խնդիրը միգրացիոն ծառայության ներկայացուցչության մեջ է: Արդյո՞ք ինչ-որ մեկը հային ստիպողաբար Հայաստանից Ռուսաստան է տանում: Եթե դուք փակեք ներկայացուցչությունը, կարծում եք՝ այդ մարդիկ չե՞ն մեկնի»:  

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն.

«Երեկ պ-ն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո ինձ են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով: Այս զարգացումն, իմ կարծիքով, վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից:

Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում:

Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում: …

.. Գործարար միջավայրի հետ կապված՝ դեռևս կան լուրջ խնդիրներ, որոնք լուծման կաիրք ունեն, և մենք այդ հարցերի շուրջ աշխատում ենք ՀՀ կառավարության հետ, պետք է ավելի մեծ մրցակցություն լինի Հայաստանի տնտեսության մեջ, որպեսզի հնարավորություն լինի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումն ու ծաղկումն ապրելու համար, և առավոտյան վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես վերստին լսեցի հավաստիացումներ, որ կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում: Երկրորդ` անհրաժեշտ է, որպեսզի լինի ավելի մեծ թափանցիկություն հարկային և մաքսային վարչարարական ոլորտում: Ամերիկյան ներդրողներին երաշխիքներ են անհրաժեշտ անկախ դատական համակարգի ոլորտում, որոնք իրենց կամ իրենց գործընկերների գործերով անկախ որոշումներ կկայացնեն»:

Պարգև Ապրեսյան  

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է դեռևս 1993-ին. Փաստաթուղթ (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Կասկադի մոտ հայտնաբերվել է կախված տղամարդու դի’