‘Ինչ ցույց կտա Սերժ Սարգսյանի բնակարանի զննումը’

7210

Ուկրաինայի փախած նախագահ Յանուկովիչի տան կադրերը դիտելիս` ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ ՀՀ քաղաքացիներս չգիտենք, թե ինչպիսի պայմաններում է ապրում մեր «Յանուկովիչը»՝ Սերժ Սարգսյանը։

Իհարկե, մենք գլխի ենք ընկնում, թե մոտավորապես ինչպիսի «ռազմախի» ու ճաշակի տեր է ՀՀԿ ղեկավարը, բայց հետաքրքիր կլիներ ծանոթանալ դետալներին։ Կամ գոնե իմանայինք, թե ինչ արդյունքներ է արձանագրել և ինչպիսի ճաշակ ունի Սերժի եղբայր Սաշիկը։ Հասկանայինք, թե փայ մտնելու ձգտումը Սաշիկին ինչի տեր է դարձրել։

Սաշիկի տունը որ տեսնեինք, Սերժինն արդեն «պլյուս-մինուսով» պարզ կլիներ։

Հետաքրքիր կլիներ ծանոթանալ նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի մեկ այլ անդամի՝ նրա փեսա Միքայել Մինասյանի ունեցվածքին։ Սաշիկի անունն է դուրս եկել, բայց Միշիկն ավելի մեծ ախորժակի ու փայերի տեր է։ Նրա փայերի կոլեկցիան ոչ պակաս տպավորիչ կլինի, քան Յանուկովիչի որդի Սաշիկի ավտոպարկը, քանզի Սերժի փեսայի կարգավիճակն օգտագործելով հաջողակ բիզնեսմեն դարձած Միշիկը ոչ պակաս ագահությամբ է աչքի ընկնում, քան Յանուկովիչի որդին։

Այս թեմայով մի բարի խորհուրդ եմ ուզում տալ։ Քանի բանը բանից չի անցել՝ Հ1-ը կամ Բաղրամյան 26-ի տակ աշխատող հեռուստաընկերություններից որևէ մեկը պետք է շտապ նկարահանի և ցույց տա Սերժ Սարգսյանի բնակարանը։

Ասում են` Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը շքեղ վերանորոգել է Սերժի կեցավայրը։ Վերանորոգեց պրծավ, ու նրան աշխատանքից հեռացրին։

Հիմա կարելի է տեսնել, թե ոնց է ստացվել վերանորոգումը, ինչը հնարավորություն կտա պատկերացնել, թե ոնց է եղել դրանից առաջ։

Չէ՛, բայց իրոք, Հ1-ը կամ Բաղրամյան 26-ի տակ աշխատող հեռուստաընկերություններից որևէ մեկն անպայման թող ցույց տա Սերժ Սարգսյանի տունը։ Պետք է բավարարել ՀՀ քաղաքացիների առնվազն 80 տոկոսի առողջ հետաքրքրասիրությունը, այլապես այդ 80 տոկոսը կարող է «նախագահի» տունն անձամբ տեսնելու կպչուն ցանկություն հայտնել։

Հ.Գ. Եթե նկատում եք, ՌԴ-ն որևէ կերպ տեր չկանգնեց Յանուկովիչին՝ նրան «փալաս» անվանելով։ Պատճառն այն է, որ «քցողներին» և արտաքին քաղաքականությունն արևելյան «բազառի» վերածողներին չեն հարգում՝ անկախ հավատարմության երդումներից։ Սերժ Սարգսյանը թող ականջին օղ անի սա։

 

Արմեն Հովսեփյան

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի «գազային համաձայնագրերի», «Նաիրիտի» և մարտի 1-ի իրադարձությունների հանձնաժողովների ստեղծման հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Գազի հարցով քննարկում. ՀՀԿ-ն դեմ է դռնբացին ‘