Միլանի «Ինտերը» 9-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը։ Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 2:1 հաշվով առավելության հասավ Ֆլորենցիայի «Ֆիորենտինայի» նկատմամբ` երկրորդ տարին անընդմեջ դառնալով գավաթակիր։
Արդեն երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ֆիորենտինայի» արգենտինացի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը (տեսանյութ)։ 29-րդ (տեսանյութ) եւ 37-րդ րոպեներին (տեսանյութ) աչքի ընկավ «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Նա խփեց 100-րդ եւ 101-րդ գոլերն «Ինտերում», պահանջվեց 235 հանդիպում։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։ Նա վերականգնվում է ազդրի մկանային վնասվածքից հետո։
Հենրիխ Մխիթարյանը երկրորդ տիտղոսը նվաճեց «Ինտերում»։ Այս մրցաշրջանում նա միլանյան թիմի հետ դարձել է նաեւ Իտալիայի սուպերգավաթակիր։ Անցած մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր։
Իտալիայի գավաթի խաղարկությունում «Ինտերը» 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր «Պարմային», քառորդ եզրափակիչում 1:0 հաշվով պարտության էր մատնել «Ատալանտային», կիսաեզրափակիչում էլ երկու հանդիպումների արդյունքում պայքարից դուրս էր թողել Թուրինի «Յուվենտուսին»՝ 1:1, 1:0։
Անցած տարվա եզրափակիչում միլանյան թիմը 4:2 հաշվով պարտության էր մատնել Թուրինի «Յուվենտուսին»։
«Ինտերն» այս մրցաշրջանում դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Իտալիայի գավաթ, եզրափակիչ
«Ֆիորենտինա» — «Ինտեր»՝ 1:2 (տեսանյութ)
Նիկոլաս Գոնսալես, 3 — Լաուտարո Մարտինես, 29, 37