‘Ինտերպոլը և Լիտվան համոզված են, որ Թարգամաձեի հետապնդումը քաղաքական է’

1022

Ինտերպոլը հրաժարվել է վրաց քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեին կալանավորելու թույլտվություն տալ, քանի որ համարում է, թե ՌԴ իշխանությունների կողմից նրա հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի: Այդ մասին ասված է միջազգային ոստիկանության գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլի՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հասցեագրված նամակում. Սաակաշվիլին խնդրել էր պարզաբանել Թարգամաձեի կարգավիճակը՝ այն բանից հետո, երբ ռուսաստանյան դատարանը հեռակա կարգով ձերբակալել էր վրաց պատգամավորին:

Վիլնյուսի մարզային դատարանը նույնպես որոշում է կայացրել, որ Թարգամաձեի հետապնդումը պայմանավորված է քաղաքական պատճառներով: Բացի այդ, որոշման համաձայն՝ վրաց պատգամավորին Ռուսաստանին չհանձնելը բացատրվում է նրանով, որ այն հանցագործությունները, որոնց համար Ռուսաստանը հետապնդում է Գիվի Թարգամաձեին, լիտվական օրենքներով քրեական բնույթ չեն կրում, փոխանցում է lenta.ru-ն:

Մայիսի 11-ին Վրաստանի խորհրդարանի անդամ Գիվի Թարգամաձեն հայրենիք է վերադարձել Լիտվայից, որտեղ գտնվում էր փետրվար ամսից: ՌԴ քննչական կոմիտեն նրան համարում է 2012 թ. մայիսի  6-ին Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներից մեկը: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան մեղադրում է Սիրիայի հատուկ ծառայություններին’
Հաջորդ հոդվածը‘«Բարև, Երևանը» դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ ԿԸՀ-ի’