Իշխանությունը որոշել է «բարեփոխել» ԶԼՄ-ները. Առավոտ

633

Կառավարությունն անցած շաբաթ որոշում է ընդունել դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանն ուղղված Եվրամիության դրամաշնորհի մի մասը ծախսել ԶԼՄ-ների մասին օրենսդրությունը «բարեփոխելուն»:

Կառավարության ներկայացրած նախագծում խոսվում է «հավաստի եւ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու, մասնավոր կյանքի պաշտպանության եւ լրագրողական էթիկայի կանոնների սահմանման իրավական հիմքերի ձեւավորման» մասին: Էթիկայի մասին նախագծում կա եւս երկու նախադասություն՝ հիմնավորելու համար, որ այդ խնդիրները պետք է օրենսդրորեն կարգավորում ստանան: Հետաքրքրությունն այդ ոլորտի հանդեպ, հավանաբար, բացատրվում է նրանով, որ կառավարության ներկայիս ղեկավարը էթիկական նորմերի խանդավառ ջատագով է, եւ «շնաբարո դուրսպրծուկների», «պատերի տակ վնգստացողների», «շինելու» եւ «կզցնելու» արտահայտությունները միանգամայն տեղավորվում են այդ նորմերի մեջ: Բայց դա ԶԼՄ-ների հետ կապված օրենսդրությունը «բարեփոխելու» թերեւս անձնական պատճառն էր: Կան նաեւ քաղաքական շարժառիթներ: Դրանք հասկանալու համար պետք է վերհիշել, թե ինչ օրենքներ է ընդունել այս երեք տարիների ընթացքում ԱԺ «իմքայլական», իսկ այնուհետեւ նաեւ՝ ՔՊ-ական մեծամասնությունը լրատվամիջոցների վերաբերյալ: Ոչ միայն իմ, այլեւ բազմաթիվ փորձագետների կարծիքով, այդ բոլոր օրենքներն ուղղված են խոսքի ազատության սահմանափակմանը: Պարզ է, որ սահմանափակվում է ոչ թե իրենց՝ իշխանավորների խոսքը, այլ նրանց, ում ասածներն ու գրածները իշխանավորներին դուր չեն գալիս: Այնպես որ՝ օրենսդրական «բարեփոխումներն», ամենայն հավանականությամբ, նոր սպառնալիք են լրատվամիջոցների համար:

Ինչպես հիմա ոստիկանները մարդկանց հարցաքննությունների են քարշ տալիս իշխանավորներին իբր «վիրավորելու» համար, այդպես էլ այդ «բարեփոխումներից» հետո նույնն անելու են, ասենք, «էթիկական նորմերը» խախտելու համար: Ինչ մնում է «հավաստի եւ բազմակողմանի» լրատվությանը, ապա այստեղ էլ ոչ մի գաղտնիք չկա. իշխանավորներն այդպիսին են համարում միայն այն լրատվությունը, որը գովերգում է իրենց կառուցած «դրախտը»: Սակայն անկախ քաղաքական կոնյունկտուրայից եւ իշխանության միանգամայն թափանցիկ մտադրություններից՝ էթիկական խնդիրներն օրենքով կարգավորելն ինձ չափազանց վիճահարույց է թվում: Եթե մարդը վատ է դաստիարակված, եթե նա ինքն իրեն չի հարգում եւ չի չափավորում իր գրավոր ու բանավոր խոսքը, նրան ոչ մի օրենսդրություն չի կարող խանգարել, մանավանդ սոցիալական ցանցերի այս դարաշրջանում: Պարզապես այդպիսի մարդը պետք է շփվի իր նմանների հետ, իսկ դաստիարակված մարդիկ պետք է ունենան իրենց շփումների շրջանակը: Իսկ դա արդեն ինքնակարգավորման խնդիր է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Aravot.am


Նախորդ հոդվածըԱֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակչում կհանդիպեն Եգիպտոսն ու Սենեգալը
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ-ն պատժել է «Ֆեներբահչեին»՝ երկրպագուների «Լա-լա-լա, Վլադիմիր Պուտին» վանկարկումների համար