‘Իջեւանի ոստիկանապետը ձերբակալվել է հանցագործություն պարտակելու կասկածանքով’

1400

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիզբեկյանը ձերբակալվել է, իսկ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» համալիրի մոտ տեղի ունեցած հրաձգության եւ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ սույն թվականի օգոստոսին քրեական գործ էր հարուցվել: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ն եւ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիզբեկյանը մտերիմ փոխհարաբերությունների մեջ են եղել Իջեւան քաղաքի բնակիչ, «Իջեւանատուն» ռեստորանա-հյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խ.-ի հետ: 2014թ. ապրիլի 2-ին, տեղեկանալով նախորդ օրը «Իջեւանատուն» համալիրի բակում տեղի ունեցած հրաձգության մասին, ժամանել են նշված համալիր: Քննչական բաժնի պետի տեղակալը եւ ոստիկանության բաժնի պետը` Անդրանիկ Խ.-ից տեղեկանալով Աշոտ Ա.-ի ուղղությամբ նրա կողմից մարտական փափուշտներով լիցքավորված որսորդական “Սայգա” տեսակի ինքնաձիգով շուրջ 30 կրակոցների արձակման մասին` նրան օգնելու նպատակով հանցագործության մասին ստացված հաղորդումն ընդունելու, գրանցելու եւ բացահայտման ուղղությամբ օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն` նախ` որոշել են թաքցնել դեպքը, ապա` դրա հասարակական լայն արձագանքից անհանգստացած, մինչեւ դեպքի օրենքով սահմանված կարգով հաշվառումը, ձեռնամուխ են եղել մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականության խեղաթյուրմանը: Նրանք հրահանգավորել են Անդրանիկ Խ.-ին` դեպքի վայրից վերացնել հանցագործության իրական հետքերը եւ ստեղծել կեղծ ապացույցներ: Ոստիկանության տարածքային բաժնում հանցագործության դեպքն օրենքով սահմանված կարգով գրանցվել եւ ընթացք է տրվել միայն կեղծ ապացույցների ստեղծումից հետո:

Նախորդ հոդվածը‘Վրաստանը հաստատել է մցխեթցի թուրքերի «հայրենադարձման» ռազմավարությունը’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը Մինսկում հանդիպել է Լուկաշենկոյի հետ ‘