‘Իսկ իրականում ով եւ ինչու էր վարկաբեկում հաղթանակի գեներալներին’

13983

Հեղափոխությունից  և Մարտի 1-ի սպանդի քննության նոր ընթացքից հետո գործով հիմնական մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները քարոզչական մի քանի հստակ ուղղություն են ընտրել, որով էլ առաջ են տանում ագրեսիվ քարոզչական այդ գծերը:

Դրանցից են՝ Արցախի  հարցի և արցախյան պատերազմի շահարկումը, ղարաբաղցի- հայաստանցի արհեստական տարանջատում մտցնելու միտումը, կրոնական շահարկումները: Այս քարոզչական գծերից յուրաքանչյուրը հստակ նպատակ ու թիրախ ունի՝ այն  է՝ «բաժանիր, որ ղեկավարես տրամադրությունները»: Հիմնական մեղադրյալը չի ցանկանում խոստովանել, որ ինքը մեղավոր է, ինքն ուզում է, որ իրեն անմեղ համարեն, բայց քանի որ հանրությունն այդ հարցում իրեն հակոտնյա է, ուստի՝ թեկուզ փոքրաթիվ աջակիցների բանակ ունենալու ցանկություն ունի: Իսկ դա, բացի անձնական շահ ունեցող անձանցից, հնարավոր է անել միայն ու միայն անտեղյակ, չինֆորմացված որոշ անձանց տեղեկատվական թյուրիմացության մեջ գցելով:

Գեներալները

Քարոզչական ագրեսիայի առանցքներից մեկը գեներալների անվան շահարկումն է: Առաջին իսկ պահից, երբ կոնկրետ մեղադրանքներ ներկայացվեցին Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, Միքայել Հարությունյանին, իսկ քրեական գործով տարբեր կարգավիճակներով սկսեցին անցնել նաեւ այլ գեներալներ, թեման միտումնավոր թեժացվեց, այսպես կոչված՝ վերլուծական նյութերի հեղինակների «անսահման երեւակությամբ»:

Այստեղ քոչարյանական հեղինակների երեւակայությունը, իրոք որ, սահմաններ չի ճանաչում՝ քրեական գործը ոչ միայն ներկայացվում է որպես վրեժխնդրություն, այլեւ՝ մի «մեծ, միջազգային, միջտիեզերական, կրոնական, մասոնական, այլմոլորակային դավադրություն Արցախի, ԼՂ հարցի, արցախցիների, ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, Վլադիմիր Պուտինի, հայ եկեղեցու …. դեմ»: Ընդ որում, դավադրության թիրախները քոչարյանական հեղինակները փոխում են ըստ քաղաքական պատեհության․ եթե այդ պահին ռուսական թեման է ակտուալ, ուրեմն դավադրությունը Ռուսաստանի կամ Պուտինի դեմ է, եթե եկեղեցական թեման՝ ապա եկեղեցու դեմ, եւ այլն, եւ այսպես շարունակ:

Տպավորություն է, որ անգամ գոյություն ունեն դավադրապաշտական նյութերի մի քանի պատրաստի կաղապարներ, որտեղ, ըստ քաղաքական եւ իրավիճակային նպատակահարմարության, լրացնում են իրենց քարոզչության թիրախների անունները:

Հիմա էլ նորից հիշել են գեներալներին, առիթն էլ մամուլում հրապարակված տեղեկություններն էին մարտի 1-ին բերված զորքի գործողությունների, այդտեղ էական դերակատարություն ունեցած գեներալների, այդ թվում՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանի վերաբերյալ, ինչպես նաեւ վերջինիս հրապարակված ցուցմունքները:

Գլխավոր մեղադրյալը շատ լավ, բոլորից էլ լավ գիտակցում է, որ մասնակից անձինք կարող են ցուցմունքներ տալ, շատերն արդեն տվել են, եւ նա գիտակցում է, որ այդ ցուցմունքները նույնիսկ փակ աչքերով տանում են դեպի իր անձը, եւ նրա խնդիրը գեներալներին ցուցմունքներ տալուց հեռու պահելն է՝ փորձելով վերջիններիս եւ նրանց բարեկամ-հարազատներին հասկացնել, թե՝ դուք այս հարցում էական դերակատարություն ու արժեք  չունեք, «յախաներդ թափ տվեք», սա «ձեր հագի գործ չէ», ղրաղ կացեք, մի խառնվեք, սա միջազգաին մասշտաբի դավադրություն է իմ դեմ եւ իմ միջոցով՝ Ռուսաստանի, Պուտինի, ՀԱՊԿ-ի, եկեղեցու եւ այլ անձանց ու բաների դեմ:

Հենց այս պատճառով էլ քոչարյանական մեդիահոսքագծից ամեն րոպե դուրս են սպրդում նույն կաղապարներից հանված նյութեր, թե՝ հասե՜ք, գեներալներին վարկաբեկում են, եւ ապա՝ վերոնշյալ բովանդակությամբ վերլուծություններ, թե ով է դա անում եւ ինչու:

Իսկ իրականում ամեն ինչ չափազանց պարզունակ է: Այո, պատերազմի գեներալները երկար տարիներ վարկաբեկվել են, բայց վարկաբեկման հեղինակին այլ տեղ է պետք փնտրել, ԱԱԾ մեկուսարանում՝ օրինակ:

Հենց նա է, որ այդ անձանց  ներքաշելով քաղաքական-տնտեսական հարաբերությունների մեջ, խթանելով այդ անձանց մարդկային թուլությունները, բացասական կողմերը, կաբալայի նման կախվածության մեջ գցելով այս կամ այն երեւույթներից՝ հերոսներին վեր է ածել հանրության կողմից բացասաբար ընկալվող անձանց, ձեւափոխել է նրանց՝ ըստ իր պատկերի եւ էության, եւ այդպիսով տարիներ շարունակ վարկաբեկել ու վարկաբեկել նրանց այնպես, որ մի ինչ-որ իքս պահի, երբ իր իշխանությանը վտանգի սպառնալիք լինի, թուլությունների գերին դարձած հերոս-գեներալները, հիշելով, որ հենց գլխավոր մեղադրյալի մոտ է այդ թուլությունների եւ այլ արած-չարածների վերաբերյալ ապացույցների «վերահսկիչ փաթեթը», հետքայլի հնարավորություն չունենան այլեւս: Հենց այդ է պատճառը, որ այդ գեներալներից շատ-շատերը, չնչին բացառություններով, գուցե հոգու խորքում չցանկանալով անգամ ՝խիզախություն չեն ունեցել մերժել իրենց հանցանքի եւ հանցանքի ինդուլգենցիայի կաբալայի մեջ ներքաշած գլխավոր մեղադրյալին:

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Պորտուգալիայում ձերբակալվել է զենքի խոշոր վաճառականը’
Հաջորդ հոդվածը‘Մինչև Հայաստանը չլուծի բլոկադայի խնդիրը’