‘Իսպանիա. Վարչապետին մեղադրում են կաշառակերության մեջ’

787

Այս պատմությունն ալեկոծել է ողջ Իսպանիան: Գործազրկությունից և տնտեսական կոշտ միջոցառումներից տառապող իսպանացիները կատաղած են: Դժվար է ավելի վատ վիճակ պատկերացնել իշխող Ժողովրդական կուսակցության համար, որը հայտնվել է տարիներ շարունակ մասնավոր ընկերություններից գումարներ ստանալու կասկածի տակ:

Առաջին վարկաբեկիչ փաստաթղթերը հունվարի 16-ին հրապարակեց «Էլ Պաիս» թերթը, այնուհետև «Էլ Մունդոն» իր առաջին էջին հրապարակեց Ժողովրդական կուսակցության ներքին հաշվապահական փաստաթղթերը, որոնք ընդգրկում են 1998-2008 թթ. ժամանակաշրջանը: Առեղծվածային վճարումներն ստացողների դերում այդ փաստաթղթերում հանդես են գալիս Ժողովրդական կուսակցության ղեկավարները, այդ թվում՝ Իսպանիայի գործող վարչապետ Մարիանո Ռախոյը:

Փաստաթղթերը կազմվել են կուսակցության  նախկին գանձապահ Լուիս Բարսենասի կողմից, որի անունով էլ կոչել են ծագած սկանդալը: Նա աշխատանքից ազատվել էր 2009 թ., այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նույնպես խառն է անօրինական ֆինասավորման գործին: ԶԼՄ-ները նախկին գանձապահի շվեյցարական հաշվեհամարներից մեկի վրա հայտնաբերել էին 22 միլիոն եվրո գումար: Իշխող կուսակցության համար, որն առանց այդ էլ վստահության ճգնաժամ էր ապրում, դա հավասարազոր էր ռումբի պայթյունի:

Ձախակողմյան կուսակցությունները, փողոցի աջակցությամբ, պահանջում են Ռախոյի հրաժարականը: Ռախոյը, ինչպես և ամբողջ կուսակցությունը, կտրականապես հերքում են բոլոր մեղադրանքները: «Այդ մարդիկ եղել են կուսակցության անդամներ, սակայն արդեն վաղուց  այդպիսիք չեն: Կարող եմ միայն ասել, որ եթե երբևէ նկատեմ, որ մեր կուսակցությունից որևէ մեկն իրեն անպատշաճ է պահում, ես չեմ տատանվի»,-ասել է Ռախոյը: Այնուհանդերձ, ըստ հրապարակված փաստաթղթերի՝ Ռախոյը 11 տարվա ընթացքում, որպես եռամսյակային վճար, ստացել է տարեկան 25 200 եվրո:

Արդյո՞ք Ժողովրդական կուսակցությունում կոռուպցիայի գործը դատարան կհասնի՝ առայժմ հայտնի չէ, սակայն իսպանացիներն արդեն կայացրել են դատավճիռը: Վերջին հարցումների համաձայն՝ հարցվածների 96 տոկոսը համոզված է, որ կոռուպցիան խորապես թափանցել է իսպանական քաղաքականության մեջ, իսկ 74 տոկոսի կարծիքով՝ իրենց երկրում կոռուպցիան ավելի զարգացած է, քան ցանկացած այլ եվրոպական պետությունում, հաղորդում է Euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը խախտել է հրադադարը շուրջ 250 անգամ’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Մենք չենք կարծում, թե Ռուսաստանն սպառնալիք է ներկայացնում, բայց պաշտպանության պլան ունենք’