‘Իսրայելը «Իսլամական պետությունը» ներառել է անօրինական ահաբեկչական կազմակերպությունների ցանկում’

1018

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը «Իսլամական պետություն» խմբավորումը ներառել է անօրինական ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այդ մասին հաղորդել են իսրայելական լրատվամիջոցները՝ նշելով, որ այսուհետև միջոցների հանգանակությունը, ակտիվիստների հավաքագրումը կամ այդ կազմակերպությանն անդամակցությունը Իսրայելի տարածքում կհետապնդվի օրենքով:

«Այդ քայլն ուղղված է ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանման ամրացմանը»,- շեշտել է Յաալոնը: «Իսլամական պետությունը» Իսրայելում արգելվել է ցանկացած կերպ և ցանկացած անվան տակ: Խմբավորումը անօրինական ահաբեկչական կազմակերպությունների ցանկում է հայտնվել արաբերեն, եբրայերեն և անգլերեն անվանումներով: Ցուցակում է հայտնվել նաև լիբանանյան «Աբդուլա Ազզամի բրիգադներ» կազմակերպությունը:

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ երկու խմբավորումներն էլ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում են հայտնվել Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայության հանձնարարությամբ: «Իսլամական պետությունն» այնտեղ է հայտնվել ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆին մահապատժի ենթարկելուց անմիջապես հետո, քանի որ վերջինս երկրորդ՝ իսրայելական քաղաքացիություն ուներ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Բոկո Հարամի» գրոհայինները գրավել են Նիգերիայի Բանկի քաղաքը’
Հաջորդ հոդվածը‘«Ալ-Քաիդան» ռազմական բջիջ է ստեղծել Հնդկաստանում’