Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել դատական բարեփոխումների գործընթացը

165

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել դատական համակարգի բարեփոխումը։

«Հանուն Իսրայելի ժողովրդի միասնականության, հանուն պատասխանատվության՝ ես ձեզ կոչ եմ անում դադարեցնել օրենսդրական գործընթացը»,- գրել է նա երկուշաբթի օրը իր twitter-յան էջում։

Հերցոգը նշել է, որ բողոքի ցույցերի և ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների պատճառով երկրում ծայրահեղ լարված է հասարակական-քաղաքական իրավիճակը։ «Ժողովուրդը խորապես տագնապի մեջ է։ Ազգային անվտանգությունը, տնտեսությունը, հասարակությունը՝ ամեն ինչ հարվածի տակ է»,- նշել է նա։

Մարտի 26-ին մեկնարկած նոր տարերային բողոքի ցույցերի պատճառ է դարձել երկրի պաշտպանության նախարարի հեռացումն աշխատանքից, ինչի մասին հայտարարել է վարչապետ Բինիամին Նեթանյահուն։ Այդ որոշումը վարչապետն ընդունել է այն բանից հետո, երբ մեկ օր առաջ պաշտպանության նախարար Յոավ Գալանտը բացահայտորեն հանդես է եկել դատական բարեփոխումները դադարեցնելու օգտին, ինչը նախաձեռնել է իշխող դաշինքը, և որը զանգվածային ցույցերի տեղիք է տվել Իսրայելում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱլ-Խելաիֆի․ Պրեմիեր լիգայի վերջին թիմն ավելի շատ գումար է ստանում հեռուստաիրավունքներից, քան ՊՍԺ-ն
Հաջորդ հոդվածըՓորձագետ․ Ուկրաինացի դիվերսանտները քողարկող խալաթներ են ստացել