‘Իրանը մեղադրում է Արևմուտքին միջուկային բանակցությունների ձախողման համար’

968

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հակադարձել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին և Արևմուտքին է մեղադրել Իրանի միջուկային ծրագրի հարցով Ժնևյան բանակցությունների ձախողման համար: Զարիֆը, ի պատասխան Քերիի՝ հայտարարել է, որ հենց Արևմուտքն է մեղավոր բանակցություններում փոխվստահության մթնոլորտի բացակայության համար: Հիշեցնենք, որ միջազգային «վեցյակը» (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա) և Իրանը, մի քանի ամիս է՝ ակտիվորեն համագործակցում էին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար: Սակայն այդ ջանքերն արդյունք չտվեցին, քանի որ բանակցություններում կողմերն այդպես էլ համաձայնության չեկան:

Նշենք, որ բանակցությունների ձախողման մեջ միջազգային մամուլը մեղադրում է նաև Ֆրանսիային, քանի որ Ֆրանսիան հանդես է գալիս որպես զսպող գործոն և թույլ չի տալիս «վեցյակին» առաջ շարժվել, քանի դեռ չկան Իրանի խաղաղ նպատակները հաստատող իրական ապացույցներ:
Շաբաթ օրը Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ չկա վստահություն, թե Իրանի հետ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն: Ֆաբիուսը որպես խոչընդոտ մատնանշել էր այն հանգամանքը, որ իրանական կողմը փորձել է փոխել գործարքի նախօրոք առաջարկված տարբերակը և շարունակում է սպառնալ Իսրայելին:
Նշենք նաև, որ երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղար Քերին նշել էր, որ Արևմուտքը փորձել է Իրանին շաբաթ օրը առաջարկել արդար գործարք, սակայն Իրանը չի համաձայնել դրան: Զարիֆը հերքել է այդ հայտարարությունը: Իրանի միջուկային ծրագրի հարցով «վեցյակի» և  Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը նշանակված է նոյեմբերի 20-ին:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը Լեհաստանից պահանջում է պաշտոնապես ներողություն հայցել’
Հաջորդ հոդվածը‘Տիբեթցի հոգևորականը ինքնահրկիզվել է ՉԺՀ կոմկուսի նստաշրջանի ժամանակ’