‘Իրանը 875 միլիոն եվրոյի պայմանագիր է ստորագրել՝ Արազ (Արաքս) գետի ջրերը դեպի Ուրմիո լիճ ուղղելու վերաբերյալ’

2021

Շաբաթ օրը Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամեդռեզա Ռահիմին և էներգետիկայի նախարար Մեջիդ Նամջուն կմասնակցեն Արազ (Արաքս) գետի ջուրը դեպի Ուրմիո լիճ ուղղելու նախագիծն իրականցնելու մեկնարկի արարողությանը, հաղորդում է իրանական FARS լրատվական գործակալությունը: Անցյալ շաբաթ այդ նախագծի իրականացման համար արտասահմանյան ներդրողի հետ ստորագրվել է 875 միլիոն եվրոյի ներդրումային պայմանագիր, և այսօր այն կմեկնարկի: «Նախագծի շրջանակներում կլուծվի Իրանի ութ քաղաքների և 81 գյուղերի խմելու ջրի հարցը», ասել է հանձնաժողովի անդամներից մեկը:

Ուրմիա լճի մակերեսը մոտավորապես վեց հազար քառակուսի կիլոմետր է: Այն չվող թռչունների ժամանակավոր կայանատեղի է, սակայն տևական երաշտի պատճառով Ուրմիան ցամաքում է, ինչն իր ազդեցությունն է թողնում տարածաշրջանի ֆլորայի և ֆաունայի վրա: 2010 թ. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և կառավարության անդամների՝ Թավրիզ կատարած այցի ընթացքում հաստատվեց Արաքսից 600 միլիոն խորանարդ մետր ջուր Ումիո լիճ տեղափոխելու նախագիծը, որի համար նախատեսվեց տրամադրել 1,2 միլիարդ դոլար: 2011 թ. Իրանի կառավարությունը 900 միլիոն դոլար հատկացրեց՝ լճի ծանծաղեցումը կանխելու համար: Իսկ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Իրանին հատկացվեց 135 միլիոն դոլար՝ ծանծաղացող Ուրմիա լճի էկոլոգիական խնդիրները լուծելու նպատակով:

Ավելի վաղ Իրանի էներգետիկայի նախարարության սահմանային գետերի և ընդհանուր պաշարների գլխավոր վարչության տնօրեն Ջաբար Վետենֆադարը հայտարարել է, թե Արաքսի ջրերի ուղղումը դեպի Ուրմիա հնարավոր է Ադրբեջանի հետ կնքված համաձայնագրերի շրջանակներում, ուստի կանցկացվեն քննարկումներ Ադրբեջանի հետ, փոխանցում է Trend-ը:

 Ի դեպ. Արաքսը  Հայկական լեռնաշխարհի միակ գետն է, որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով և միանալով Կուրին՝ թափվում Կասպից ծովը: Հոսում է Հայաստանի ՀանրապետությանԱդրբեջանի, Թուրքիայի և Իրանի տարածքներով: Նրա երկարությունը 1072 կիլոմետր է, որից 200 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության տարածքում է: 

Նախորդ հոդվածը‘Կապանցին ընկել է գետը’
Հաջորդ հոդվածը‘Ռուս փաստաբանը պաշտպանել է նախապայմանո՞վ. Պարզաբանում է Օմբուդսմենը ‘